Արհեստական բանականության (ԱԲ) համակարգչային ծրագրերը, որոնք մշակել են ՄՌՏ արդյունքները, տարբերություններ են գտել այն բանում, թե ինչպես է կառուցված տղամարդկանց եւ կանանց ուղեղը բջջային մակարդակում, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Այդ տարբերությունները հայտնաբերվել են սպիտակ նյութում՝ հյուսվածքներ, որոնք գտնվում են հիմնականում մարդու ուղեղի ներքին շերտում, որը նպաստում է հատվածների միջեւ հաղորդակցությանը։
Հայտնի է, որ տղամարդկանց եւ կանանց մոտ ցրված սկլերոզը, աուտիստական սպեկտրի խանգարումները, միգրենը եւ ուղեղի հետ կապված այլ խնդիրներ առաջանում են տարբեր արագությամբ եւ տարբեր ախտանշաններ ունեն։ Ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է կենսաբանական սեռն ազդում ուղեղի վրա, ինչպես բարելավել ախտորոշումը եւ բուժման մեթոդները։ Բայց եթե ուղեղի չափը, ձեւը եւ քաշը արդեն ուսումնասիրված են, ապա ուղեղի կառուցվածքի մասին բջջային մակարդակում հետազոտողները միայն մասնակի պատկերացում ունեն։
Նոր հետազոտությունում, որն իրականացվել է Նյու Յորքի NYU Langone Health բժշկական կենտրոնի գիտնականների ղեկավարությամբ, 471 տղամարդկանց եւ 560 կանանց ուղեղի հազարավոր ՄՌՏ սքանների ուսումնասիրման համար օգտագործվել է արհեստական բանականության տեխնիկան, որը կոչվում է մեքենայական ուսուցում։ Արդյունքները ցույց են տվել, որ համակարգչային ծրագրերը կարող են ստույգ տարբերել կենսբանական արական եւ իգական ուղեղը՝ հայտնաբերելով մարդու աչքի համար անտեսանելի օրինաչափություններ։
Ստացված արդյունքները հաստատվել են ԱԲ երեք տարբեր մոդելներով՝ նախատեսված կեսնաբանական սեռի պարզման համար, որպեսզի ուսումնասիրվի ոչ մեծ հատվածների սպիտակ նյութը կամ փոխկապվածությունը ուղեղի ավելի խոշոր հատվածների հետ։






