Բրեշիայի համալսարանի և Սուրբ սրտի կաթոլիկ համալսարանի գիտնականները վերջերս հետազոտություն են անցկացրել, որում ուսումնասիրել են ստեղծագործման և հումորի ներդրումը տարեցների բարեկեցության մեջ:
Արդյունքները, որոնք հրապարակվել են Neuroscience Letters ամսագրում, ցույց են տալիս, որ այս երկու տարբեր մարդկային ապրումներն ընդհանուր հոգեբանական և նյարդակենսաբանական գործընթացներ ունեն, որոնք նպաստում են տարեցների բարեկեցությանը:
Ստեղծագործման և հումորի նյարդային հիմունքներին նվիրված նախորդ ուսումնասիրությունների ժամանակ մարդկանց առաջարկվել էր այս գործընթացների հետ կապված առաջադրանքներ կատարել՝ միաժամանակ վերահսկելով նրանց ուղեղի ակտիվությունը: Սա ներառել է, օրինակ, ստեղծագործական մտածողության գնահատման համար նախատեսված առաջադրանքների կատարում և հարցաթերթիկների լրացում, որոնցում մասնակիցներին առաջարկվել է ներկայացնել իրենց զվարճալի անձնական փորձառությունը կամ կատակներ:
Գիտնականների կարծիքով, սեփական տեսակետը հարմարեցնելու և աշխարհը կամ իրադարձություններն այլ տեսանկյունից տեսնելու կարողությունը կարող է կապված լինել ինչպես ստեղծագործական գործընթացների, այնպես էլ հումորի հետ:
Մտածողության այս ճկունությունը կարող է օգնել տարեցներին հաղթահարել դժվարությունները և կենսաբանական փոփոխությունները՝ թույլ տալով նրանց հարմարեցնել իրենց վարքագիծը՝ կախված այն սահմանափակումներից, որոնց կարող են բախվել՝ ծերացման խնդիրներն ու հնարավորությունները գիտակցելիս:
«Մենք ցույց ենք տվել, որ տարաբնույթ մտածողությունը, այն է՝ մտածողության ձևը, որը թույլ է տալիս մարդկանց ուսումնասիրել նոր հնարավորություններ, այլ ոչ թե մեխանիկորեն պատճենել սովորական արձագանքները, դեռ առկա է տարեց մարդկանց մոտ և կարող է օգտագործվել առօրյա կենսական, ինչպես նաև ծերացման հետ կապված գոյաբանական խնդիրների լուծման համար»,- նշել են հետազոտողները։






