Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շիզոֆրենիան աշխարհում ազդում է մոտավորապես 24 միլիոն մարդու կամ 300 մարդուց 1-ի վրա: Շիզոֆրենիան բարդ հիվանդություն է` տարբեր դրսևորումներով, և այս հոգեկան խանգարման բազմազան բնույթը հատկապես դժվար է դարձնում այս հիվանդության առաջացման մեխանիզմների և հետագա արդյունավետ բուժման մշակումը:

Science ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ McLean Hospital-ի հետազոտողների թիմը լայնածավալ գենետիկ և բջջային վերլուծություն է կիրառել՝ նոր լույս սփռելու շիզոֆրենիայի հիմքում ընկած բարդ մոլեկուլային մեխանիզմների վրա: Նրանց նոր աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես են գեները, որոնք մեծացնում են շիզոֆրենիայի զարգացման ռիսկը, ազդում ուղեղի հատուկ բջիջների վրա: Նոր հետազոտության համար թիմը կատարել է մարդու նախաճակատային կեղևի տրանսկրիպտոմիկ փոփոխությունների համապարփակ միաբջջային վերլուծություն՝ հետազոտելով հետմահու ուղեղի հյուսվածքը երկու առանձին խմբերի՝ 140 մարդուց: Նրանց անալիզները ներառել են ավելի քան 468000 բջիջ: Նրանք բացահայտել են աննախադեպ տեղեկատվություն շիզոֆրենիայի բջջային հիմքերի մասին՝ կապելով գենետիկ ռիսկի գործոնները հատուկ նեյրոնային պոպուլյացիաների հետ: Նոր հետազոտությունը ենթադրում է պոտենցիալ կապ շիզոֆրենիայի պաթոլոգիայի և այնպիսի գործընթացների միջև, ինչպես նեյրոզարգացումը, սինապտիկ ազդանշանը և տրանսկրիպցիոն կարգավորումը, ներառյալ տրանսկրիպցիոն հիմնական կարգավորիչները, որոնք կապված են ինչպես շիզոֆրենիայի, այնպես էլ նյարդային զարգացման խանգարումների հետ: