Ինսուլտի հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ապոպլեկտիկ հարված չեն ստացել, 34 տոկոսով ավելի բարձր է նրանց շրջանում, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են գլխի վնասվածք (այդ վնասվածքը չունեցող նրանց հասակակիցների համեմատ)։ Այդ ցուցանիշն ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր ստացել են գլխի մի քանի վնասվածքներ, այս մասին վկայում է նոր հետազոտությունը, որն իրականացրել է Փերելմանի բժշկական դպրոցը։ Արդյունքները հրապարակվել են Stroke ամսագրում։
«Գլխի վնասվածքները բարձրացնում են այն մարդկանց ինսուլտի հավանականությունը, որոնց մոտ հակառակ դեպքում այն կարող էր եւ չլինել»,- բացատրել է հետազոտության առաջին հեղինակ, բժշկագիտության դոկտոր, նյարդաբանության բաժանմունքի օրդինատոր Հոլի Էլսերը։- Այս հետազոտությունը լրացնում է այն վիճակների ավելացող ցուցակը, որոնք կապված են գլխի վնասվածքների հետ, եւ ընդգծում է դրանց կանխման կարեւորությունը հեծանիվների համար նախատեսված սաղավարտներ եւ անվտանգության ամրագոտիներ կրելու օգնությամբ, որպեսզի նվազագույնի հասցվեն առողջության համար երկարաժամկետ վտանգները»։
«Աթերոսկլերոզի վտանգը հանրույթներում» հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են 30 տարվա տվյալները, որոնք ստացվել են ավելի քան 13 000 մարդուց, որոնք ապրել են այդ հանրույթներում (նրանք, ովքեր չեն հոսպիտալացվել կամ ապրում են ծերերի տներում), որպեսզի որոշեն, թե արդյոք գլխի վնասվածքն ազդում է ինսուլտի հաճախակիության վրա, որն առաջանում է գլխուղեղի թրոմբից, որը կոչվում է իշեմիկ ինսուլտ։ Մինչեւ գլխի վնասվածքը ինսուլտ ստացած անձանց տվյալները բացառվել են։
Գլխի վնասվածքները տատանվել են ուղեղի թեթեւ ցնցումից մինչեւ գանգի կոտրվածք եւ գլխի այլ լուրջ վնասվածքներ։
Գլխի բազմաթիվ վնասվածքներ ունեցող մարդկանց մոտ, որոնք մասնակցել են հետազոտությանը, իշեմիկ ինսուլտի հաճախակիությունն ավելի բարձր էր։
Հետազոտության հեղինակները նաեւ հայտնաբերել են, որ գլխի վնասվածքները ավելի շատ են կապված ծանր ինսուլտի հետ։






