Ամերիկացի բժիշկ-ուռուցքաբան Նիկոլ Էնդրյուսը նշել է, որ անյուղ միսը, թռչնամիսը, ձուն, կաթնամթերքը, ընկույզը, արևածաղկի սերմերը և սոյան ընդունակ են նվազեցնելու քաղցկեղի առաջացման վտանգը: Դրա մասին հայտնել է Healthnews պարբերականը։

Բժիշկը պարզաբանել է, որ կարմիր և վերամշակված մսի (երշիկ, նրբերշիկ, բեկոն) չափից ավելի օգտագործումը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Սակայն այս ապրանքներից ամբողջությամբ հրաժարվելն անպայման չէ, ուռուցքաբանը խորհուրդ է տալիս սահմանափակել դրանց սպառումը շաբաթական 18 ունցիա (մոտ 510 գրամ): Կարմիր մսի, բուրգերների, հոթ դոգերի և խոզապուխտների փոխարեն Էնդրյուսը խորհուրդ է տալիս անյուղ հավ, հնդկահավ, ձուկ, ձու և ծովամթերք նախընտրել։

Ուռուցքաբանը հավելել է, որ անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց ստանալու համար կարելի է կոկտեյլների համար սպիտակուցի (պրոտեինային) փոշի օգտագործել։ Ընդ որում, այս նպատակի համար լավագույնս համապատասխանում են չափազանց շատ միկրոէլեմենտներով չհարստացված տարբերակները:

Ըստ բժշկի՝ չի կարելի մոռանալ բուսական սպիտակուցի մասին՝ ընկույզը, սերմերը, լոբին, տոֆուն («սոյայի շոռ»՝ սոյայի ունդերից պատրաստված սպիտակուցով հարուստ սննդամթերք) և սոյան կարող են նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը։

Դրանք հարուստ են բջջանյութով, մարսողությունը բարելավող առողջ սննդային մանրաթելերով, որոնք օրգանիզմում կանխում են համակարգային բորբոքումների առաջացումը (բորբոքումը բազմաթիվ հիվանդությունների հարուցիչ է):

Կաթնամթերքը, մասնավորապես, կաթնաշոռն ու ցածր յուղայնությամբ պանիրը, պարունակում է կալցիում, որը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։