Կենդանիների վրա փորձարկումները հաճախ համարվում են մարդու հիվանդությունների բուժման  նոր դեղամիջոցների և եղանակների որոնման առաջին քայլը, սակայն նոր վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից շատ քչերն են իրականում ստեղծում բուժման նոր մեթոդներ։

Նոր վերլուծությունը հրապարակվել է PLOS Biology ամսագրում:

Համաձայն 54 տարբեր հիվանդությունների և բուժման 367 հնարավոր մեթոդների նվիրված 122 հոդվածների վերլուծության, կենդանիների վրա փորձարկված բուժման մեթոդների միայն 5%-ն է ի վերջո հավանություն ստանում կարգավորող մարմինների կողմից՝ մարդկանց բուժելու համար:

Եվ սա չնայած այն հանգամանքին, որ կենդանիների ուսումնասիրությունների դրական արդյունքների 86%-ը կրկնվում է մարդկանց կլինիկական փորձարկումներում, ասում են հետազոտողները:

Հետազոտությունները, որպես կանոն, անցկացվում են խիստ մշակված հերթականությամբ․ սկզբում փորձարկումներ կենդանիների, այնուհետև մարդկանց վրա, որին հաջորդում են պատահական սկզբունքով   վերահսկվող կլինիկական փորձարկումները, որոնք ապահովում են օգտակարության համոզիչ ապացույցներ: Փորձարկման արդյունքներն այնուհետև ներկայացվում են կարգավորող մարմիններին՝ մարդկանց համար թերապիան հաստատելու նպատակով: Հետազոտողները պարզել են, որ կենդանիների փորձարկումների մոտ 50%-ն է անցնում   մարդկանց վրա վաղ փորձարկումների: Սակայն դրանցից միայն 40%-ն է անցնում պատահական վերահսկվող փորձարկումների փուլ, և միայն 5%-ն է հաստատվում կարգավորող մարմնի կողմից:

Հետազոտողները պարզել են, որ կենդանիների վրա փորձարկումից մինչև մարդկանց վրա վաղ փորձարկումները  միջինը հինգ տարի է անցնում, պատահական վերահսկվող փորձարկումներին հասնելու համար պահանջվում է յոթ տարի և 10 տարի՝   կարգավորող մարմնի հավանությունը ստանալու համար։

Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ կլինիկական փորձարկումների և կարգավորող մարմնի հավանության հանդեպ պահանջները չափազանց խիստ են, ինչը «հանգեցնում է բազմաթիվ պոտենցիալ արժեքավոր բուժումների անտեսմանը»: