Բացահայտվել է կենդանիների ծերացման պատճառը: Այս բացահայտման էությունը բջջի ներսում կորիզի եւ միտոքնդրիումների միջեւ կապ ապահովող մոլեկուլյար իրադարձությունների հաջորդականությունն է: Երբ այդ կապերը քանդվում են, ծերացման պրոցեսն արագանում է:
Գիտնականները լաբորատոր ծեր մկների ներմուծել են բնական եղանակով մարդու օրգանիզմում արտադրված մոլեկուլ, դրանով իսկ վերականգնելով կապերը: Ստացված հյուսվածքների նմուշներն ունեին ավելի երիտասարդ մկների բնորոշ հիմնական կենսաբանական նշանները:
«Ծերացման պրոցեսը մենք համեմատում ենք ամուսնական զույգի հետ՝ երբ նրանք երիտասարդ են, շատ լավ են շփվում, բայց ժամանակի ընթացքում, երկար տարիներ կողք կողքի ապրելուց հետո, կապը խզվում է»,- ասաց Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկայի պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Դեվիդ Սինկլերը: «Եւ նույն կերպ, վերականգնելով կապերը, կարելի է լուծել այս խնդիրը», - նշաց նա։
Հետազոտությունը Հարվարդի բժշկական դպրոցի, ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի եւ Ավստրալիայի Սիդնեյի, Հարավային Ուելսի նոր համալսարանի համատեղ ծրագիրն է, հաղորդում է Newsmax Health-ը:
Միտոքոնդրիումներին հաճախ անվանում են կենսաբանական պրոցեսների համար անհրաժեշտ քիմիական էներգիա ստեղծող բջիջների «էլեկտրոկայաններ»: Մեր բջիջներում ապրող եւ սեփական ոչ մեծ գենոմներն ունեցող այս ինքնավար օրգանելլաները հիմնական դերն են խաղում ծերացման պրոցեսում: Երբ նրանք շարքից դուրս են գալիս, առաջանում են տարբեր հիվանդություններ, այդ թվում Ալցհեյմերը եւ շաքարախտը:
Հետազոտողներն իհարկե կասկածանքով են վերաբերվում այն մտքին, որ հնարավոր է շրջել ծերացման պրոցեսը, հիմնականում գերակշռող այն տեսության պատճառով, որ ծերացումը միտոքոնդրիումների ԴՆԹ-ի մուտացիաների արդյունք է, իսկ մուտացիաները վերականգնել հնարավոր չէ:
Դեռեւս անհայտ պատճառներով ծերացման ժամանակ NAD կոչվող քիմիական նյութի ելակետային մակարդակն իջնում է: Սինկլերը եւ նրա հետազոտական խումբը բացահայտեցին, որ այս կորուստը նվազեցնում է բջջի էներգիա ստեղծելու ունակությունը, ինչի պատճառով էլ ծերացման նշաններն ու հիվանդություններն ակնհայտ են դառնում:
Հետազոտողները բացահայտեցին, որ բջիջներում NAD ստեղծող էնդոգեն նյութի ներմուծման միջոցով, նրանք կարողացան վերականգնել փչացած ցանցը եւ արագ վերականգնել կապն ու միտոքոնդրիումների ֆունկցիան: Եթե միացումները բավականին վաղ են վերականգնվում, ծերացման որոշ նշաններ կարող են հետ զարգանալ:
Ուսումնասիրելով երկու տարեկան մկների մկանները, ում մեկ շաբաթվա ընթացքում NAD-ի արտադրության համար հատուկ նյութ էին տալիս, հետազոտողները ստուգեցին նրանց ինսուլինակայունությունը, բորբոքումները եւ մկանների կորուստը: Բոլոր երեք դեպքերում էլ մկների հյուսվածքները համապատասխանում էին 6- ամսական մկների հյուսվածքներին: Մարդկային տարիների վերածելու դեպքում դա նույնն է, ինչ 60-ամյա մարդը դառնա 20-ամյա:






