Հարվարդի բժշկական դպրոցի բաժանմունքի՝ Brigham and Women's Hospital-ի (BWH) հետազոտողները հայտնաբերել են միջերկրածովյան սննդակարգի ևս մեկ, ընդ որում՝ բավականին նշանակալից, օգտակար հատկություն:
Ինչպես հայտնում է JAMA Network Open պարբերականը, այս գիտական աշխատանքի ընթացքում ամերիկացի գիտնականները հաշվարկել են, որ այս սննդակարգին հետևող կանանց մոտ մահվան վտանգը նկատելիորեն ցածր է։
BWH-ի մասնագետները 25 տարի շարունակ հետևել են կանանց մի մեծ խմբի՝ ավելի քան 25 հազար մարդու։ Գիտնականները հստակ եզրակացության են եկել․ փորձի այն մասնակիցները, որոնք ունեին միջերկրածովյան սննդակարգին մոտ սնվելու սովորություններ, գրեթե մեկ քառորդով (23%-ով) ցանկացած պատճառով մահանալու ավելի պակաս հավանականություն ունեին, քան նրանք, ովքեր պակաս ռացիոնալ էին սնվում, գրում է PlanetToday-ը։
Կարևոր է, որ այս լավատեսական ցուցանիշը ներառում է նաև քաղցկեղի և սրտանոթային հիվանդություններից մահացության հավանականությունը: Միջերկրածովյան սննդակարգին հետևողների ճաշացանկը ներառում է այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ընկույզը, ձիթապտղի յուղը, սերմերը, մրգերը, հատիկաընդեղենը, բանջարեղենը և ձուկը: Սննդակարգում առկա է նաև մի քիչ թռչնամիս և կաթնամթերք, որպես կենդանական սպիտակուցի աղբյուրներ:
Հետազոտողներն իրենց եզրակացություններն արել են օրգանիզմում տարբեր բիոմարկերների վերլուծության հիման վրա։ Դրանք օգնել են հասկանալ առողջության վրա այս տեսակի սննդի ազդեցության մեխանիզմը։ Պարզվել է, որ նման սննդակարգը կարգավորում է նյութափոխանակության օպտիմալ գործընթացները, և, հակառակը, զգալիորեն նվազեցնում է բորբոքային ռեակցիաները։ Այս սննդակարգի մեկ այլ դրական ազդեցությունը արյան ճնշման ներդաշնակեցումն է։ Այս ամենը միասին հանգեցնում է բարձր դրական ազդեցության՝ կյանքի տևողության ավելացման և մահացության վտանգի նվազեցման տեսքով:






