ԱՄՆ եւ Իսպանիայի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է առաջին անգամ հայր դարձածների ուղեղի փոփոխությունները։ Մասնագետները պարզել են, որ այդ իրադարձությունը հանգեցնում է ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխությունների ուղեղի կառուցվածքում։ Հետազոտությունը հրապարակվել է Cerebral Cortex (CerCor) գիտական ամսագրում։
Նեյրոկենսաբանները նշել են, որ ցանկացել են փակել այն ընկալման բացը, թե ինչպես է հայրերի ուղեղն ադապտացվում ծնող լինելու հանգամանքին։ Նախորդ հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած էր մայրերի վրա։
Հետազոտությանը մասնակցել է առաջին անգամ հայր դարձած 38 տղամարդ։ Մասնակիցներն անցել են ՄՌՏ սքանավորում զուգընկերուհու հղիության ժամանակ եւ երկրորդ անգամ՝ ծննդաբերությունից 6-12 ամիս հետո։
Ուղեղի սքանավորումից բացի՝ տղամարդիկ լրացրել են ինքնահաշվետվության հարցաթերթիկներ իրենց կանանց հղիության ժամանակ եւ երեխայի լույս աշխարհ գալուց հետո երեք, վեց ու 12 ամիս անց։ Այդ հարցաթերթիկները գնահատել են այնպիսի գործոններ, ինչպիսին են կապն ապագա երեխայի հետ, ծնողական սթրեսը, նորածնի հետ անցկացված ժամանակը, քնի որակը եւ հոգեկան առողջությունը։
Հետազոտողները հայտնաբերել են գորշ նյութի կեղեւի ծավալի զգալի կրճատում երիտասարդ հայրերի մոտ, հատկապես ճակատային, քունքային եւ գագաթային հատվածներում, ինպես նաեւ ուղեղի գոտեւորման գալարում։
Այդ կրճատումը ավելի արտահայտված է եղել այն հայրերի մոտ, որոնք տեղեկացրել ենք ավելի ուժեղ նախածննդյան կապի մասին իրենց ապագա երեխայի հետ, եւ նրանց մոտ, ովքեր ծրագրել են ավելի շատ ազատ ժամանակ վերցնել աշխատանքի համար ծննդաբերությունից հետո։ Մասնավորապես, ձախ ճակատային, աջ գագաթային եւ աջ քունքային հատվածները ցույց են տվել ծավալի առավել էական կրճատում։
Հայրերը, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացրել իրենց մանկիկների հետ, հատկապես որպես հիմնական խնամակալ, ուղեղի գորշ նյութի ավելի մեծ կրճատում են ունեցել։
Եվ հակառակը, ծնողական սթրեսի ավելի բարձր մակարդակները կապված են եղել կեղեւի ծավալի ավելի քիչ կրճատման հետ։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդ հայրերի ուղեղի փոփոխությունները կապված են նրանց ծնողական մոտիվացիայի եւ ներգրավվածության հետ, ինչն արտացոլում է ծնող լինելու հաջող ադապտացումը։
Սակայն հետազոտությունն ի հայտ է բերել նաեւ ուղեղի այս փոփոխությունների հակառակ կողմը։
Կեղեւի ծավալի զգալի կրճատումը կապված է եղել քնի որակի վատացման եւ դեպրեսիայի, տագնապայնության եւ հոգեբանական սթրեսի ավելի բարձր մակարդակների հետ ծննդաբերությունից հետո երրորդ, վեցերորդ եւ տասներկուերորդ ամիսներին։
Գիտնականներն ընդգծել են, որ հայրության պատրաստվող տղամարդիկ պետք է հաշվի առնեն, որ նոր հատկությունը կարող է բացահայտել նրանց հոգեկան առողջության խոցելի տեղերը։






