Քեմբրիջի գիտնականները ստեղծել են գործիք արհեստական բանականության հիման վրա, որը կարող է հինգից չորս դեպքերում կանխատեսել, թե կմնան արդյոք դեմենցիայի վաղ նշաներ ունեցող մարդիկ կայուն վիճակում, թե նրանց մոտ կառաջանա Ալցհեյմերի հիվանդություն։
Հետազոտողների թիմը նշել է, որ այս նոր մոտեցումը կարող է իջեցնել ինվազիվ եւ թանկարժեք ախտորոշիչ թեստերի կարիքը՝ միաժամանակ բարելավելով բուժման արդյունքները վաղ փուլերում, երբ այնպիսի միջոցներ, ինչպիսին են կենսակերպի փոփոխությունը կամ նոր դեղերը, կարող են լավագույն արդյունքը տալ։
Դեմենցիան լուրջ խնդիր է գլոբալ առողջապահության համար եւ առնչվում է ավելի քան 55 մլն մարդու ողջ աշխարհում, ինչը, ըստ գնահատականի, ամեն տարի 820 մլրդ դոլար է նստում։ Սպասվում է, որ հաջորդ 50 տարիներին հիվանդության դեպքերը գրեթե կեռապատկվեն։ Տկարամտության հիմնական պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է, որին բաժին է ընկնում դեպքերի 60-80 տոկոսը։
Ավելի վաղ հայտնաբերումը վճռական նշանակություն ունի, քանի որ հենց այդ շրջանում բուժումը, հավանաբար, առավել արդյունավետ կլինի, սակայն դեմենցիայի վաղ ախտորոշումը եւ կանխատեսումը կարող են ճշգրիտ չլինել՝ առանց ինվազիվ կամ թանկարժեք թեստերի օգտագործման, ինչպիսին են պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) կամ լյուբմալային պունկցիան, որոնք հասանելի են ոչ բոլոր կլինիկաներում։
Թիմը ստեղծել է մեքենայական ուսուցանման մոդել, որը կարող է կանխատեսել, թե կզարգանա արդյոք Ալցհեյմերի հիվանդությունը հիշողության եւ մտածողության չափավոր խնդիրներ ունեցող մարդու մոտ, եւ որքան արագ դա տեղի կունենա
Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են EClinicalMedicine ամսագրում, նրանք ցույց են տալիս, որ այդ մեթոդը ավելի ճշգրիտ է, քան ժամանակակից կլինիկական ախտորոշման գործիքները։ Իրենց մոդելը կառուցելու համար հետազոտողներն օգտագործել են մշտապես հավաքվող ոչ ինվազիվ եւ ոչ թանկարժեք տվյալներ պացիենտների մասին՝ կոգնիտիվ թեստեր եւ կառուցվածքային ՄՌՏ-նկարներ, որոնք ցույց են տալիս ավելի քան 400 մարդկանց գորշ նյութի աթրոֆիան։
Ալգորիթմը կարողացել է տարբերել կայուն թեթեւ կոգնիտիվ խախտումներ ունեցող մարդկանց նրանցից, որոնց մոտ երեք տարվա ընթացքում զարգացել է Ալցհեյմերի հիվանդություն։ Կոգնիտիվ թեստերի եւ ՄՌՏ-սքանավորման օգնությամբ հաջողվել է ճիշտ նույնականացնել այն մարդկանց, որոնց մոտ առաջացել է Ալցհեյմերի հիվանդություն 82 տոկոս դեպքերում, եւ ճիշտ նույնականացնել նրանց, որոնց մոտ դա տեղի չի ունեցել 81 տոկոս դեպքերում։
Ալգորիթմը մոտ երեք անգամ ավելի ստույգ է կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության առաջացումը, քան բուժման առկա ստանդարտները։






