Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ հոտառության կորուստը կարող է պայմանավորված լինել ուղեղում տաու սպիտակուցի կուտակմամբ: Այս օրգանի կառուցվածքներում սպիտակուցային թիթեղների առաջացումը բնորոշ է Ալցհայմերի հիվանդությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում։
Հետազոտությանը մասնակցել է ճանաչողական խանգարումներից զերծ 89 տարեց մարդ: Մասնակիցները նախ անցել են մի շարք թեստեր՝ գնահատելու հմաար նրանց հոտառության սրությունը: Առաջին գիտափորձի ժամանակ մասնակիցները պետք է բացահայտեին սոխի, գետնանուշի և ծխի հոտը: Երկրորդ գիտափորձն ավելի բարդ էր. այս անգամ մասնակիցները որոշել են նմանատիպ բույրերի տարբերությունը, օրինակ՝ կիտրոնի և լայմի:
Անհրաժեշտ տեղեկություններ հավաքելուց հետո սկսվել է հետազոտվողի դիտարկման շրջանը, որը տևել է մոտ երկուսուկես տարի։ Թեստի ավարտին բոլոր մասնակիցներն ուղեղի սկանավորում են անցել։ Պարզվել է՝ տարեց մարդկանց հոտառության վատթարացումը հաճախ կապված է ուղեղի որոշակի հատվածներում տաու սպիտակուցի կուտակման հետ։
Տաու սպիտակուցը կենտրոնական նյարդային համակարգի նեյրոններում առավել հաճախ հանդիպող նյութ է: Սովորաբար, այս սպիտակուցը մասնակցում է միկրոխողովակների հավաքմանը, բջիջի ներքին ամրապնդմանը: Բայց երբեմն այն սկսում է ճիշտ չգործել և ձևավորում է յուրահատուկ կծիկի, որը ուղեղի բջիջների համար չի կարող հենարան ծառայել: Հենց տաու սպիտակուցի կուտակումն է նեյրոնների աշխատանքում խաձանումներ առաջացնում և ոչնչացնում դրանք՝ Ալցհայմերի հիվանդության դեպքում նվազեցնելով ճանաչողական ունակությունների կարողությունները։
Գիտնականների գնհատմամբ՝ որոշակի հոտերի ընկալման վատթարացումը որպես նեյրոդեգեներատիվ պրոցեսների սկզբի վաղ ցուցիչ կարող է ծառայել։ Ստացված տվյալների հիման վրա մասնագետներն անհրաժեշտ են համարում նախքան ընդգծված կլինիկական ախտանշանների բացահայտումը հոտառության թեստերը ներառել Ալցհայմերի հիվանդության ախտորոշիչ թեստերի ցանկում։






