Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Սպիրոմետրիայի եւ թոքերի առողջության համաշխարհային օրն է նշվում: Չգիտե՞ք՝ ինչ է սպիրոմետրիան: Սա Ձեր հնարավորությունն է՝ տեղեկանալու համար:
Եվ այսպես, ի՞նչ է սպիրոմետրիան
Սպիրոմետրիան արտաքին շնչառության եւ թոքերի առողջության հետազոտության մեթոդ է: Այն շնչառության ծավալի (օդի առավելագույն ծավալը, որ կարող եք ներս շնչել եւ արտաշնչել) ու արագության ցուցանիշների չափում է ներառում:
Շնչառությունը սպիրոմետրի օգնությամբ ճիշտ նույն կերպ է չափվում, ինչպես որ ճնշումը՝ տոնոմետրի: Մեթոդը բավականին պարզ է. խորը ներս եք շնչում, պահում եք շունչը, այնուհետեւ, բերանը միանգամյա օգտագործման ծխափողին պահելով, կուտակված օդը հավասարաչափ արտաշնչում: Սարքն արձանագրում եւ գրանցում է ներս շնչվող եւ արտաշնչվող օդի ծավալի փոփոխությունները եւ մասնագետներին թոքերի առողջությունը գնահատելու հնարավորություն ընձեռում:
Հետազոտությունն անվնաս է. որեւէ հակացուցումներ եւ տարիքային սահմանափակումներ չեն գործում:
Ո՞ւմ եւ ե՞րբ է սպիրոմետրիա պետք?
Սպիրոմետրիան թոքերի կենսական տարողության որոշման եւ օրգանի առողջական վիճակի գնահատման միջոց է հանդիսանում: Ընդ որում, բոլոր մարդկանց, նույնիսկ՝ մարզիկներին, եւ առաջին հերթին, իհարկե, ծխողներին, խորհուրդ է տրվում պարբերաբար հետազոտությանը ենթարկվել: Վերջիններիս պարագայում այն կարող է թոքերի դիսֆունկցիայի եւ զարգացման վաղ փուլերում գտնվող այլ խնդիրների վերհանման հանգեցնել, ինչի շնորհիվ դրանց բուժման հավանականությունն անհամեմատ ավելի բարձր է գնահատվում:
Հաճախ խորհուրդ է տրվում նաեւ նախքան վիրաբուժական միջամտությունը սպիրոմետրիա անցնել՝ վիրահատական ռիսկը ճիշտ գնահատելու նպատակով: Հազի, խռխռոցով եւ այլ խնդիրներով ուղեկցվող շնչառության, ինչպես նաեւ հեւոցի առկայության պարագայում եւս հետազոտությունը կարող է օգտակար գտնվել: Բացի այդ, սպիրոմետրիան ցուցված է նաեւ մի շարք այլ հիվանդություններով, մասնավորապես՝ սրտի խանգարումներով եւ հոդային բարդություններով տառապող մարդկանց համար, քանի որ հետազոտությունը կարող է դրանց՝ թոքերի գործառույթների վրա ազդեցությունը բացահայտել:






