Հավանաբար բոլորն են լսել ավանդական այն կարծիքը, որ օրական մեկ բաժակ գինին օգտակար է առողջության համար։ Խնդիրն այն է, որ այս դատողությունը հիմնված է սխալ գիտական ​​հետազոտությունների վրա, ասվում է նոր զեկույցում, որը հրապարակվել է Journal of Studies on Alcohol and Drugs, հաղորդում է EurekAlert! գիտական պարբերականը:

Տարիներ շարունակ հետազոտություններում կարծիք է հայտնվել, որ մարդիկ, որոնք չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի երկար են ապրում և սրտանոթային հիվանդությունների և  քրոնիկական այլ հիվանդությունների զարգացման ավելի ցածր հավանականություն ունեն, քան նրանք, ովքեր հրաժարվում են ալկոհոլից, հայտնում է «Научная Россия» պորտալը։ Սա ազդակ է դարձել այն համոզմունքի տարածմանը, որ չափավոր քանակությամբ ալկոհոլը կարող է առողջությունը խթանող միջոց լինել: Սակայն ոչ բոլոր ուսումնասիրություններն են նման լավատեսկան պատկեր ներկայացնում. նոր վերլուծությունը լույս է սփռում դրա պատճառների վրա:

Հետազոտությունները, որոնք ոգելից խմիչքի չափավոր օգտագործումն օգտակար են համարում առողջության համար, հիմնարար թերություններ ունեն, ասում է Վիկտորիայի համալսարանի հոգեակտիվ նյութերի օգտագործման հետազոտությունների ինստիտուտի գիտնական Թիմ Սթոքվելը:

Հիմնական խնդիրը հետևյալն է. այս ուսումնասիրությունները վերաբերել են տարեց մարդկանց և հաշվի չի առնվել ողջ կյանքի ընթացքում խմելու սովորությունը: Հետևաբար, չափավոր խմողները համեմատվել են «խուսափողների» և «երբեմն խմողների» խմբերի հետ, որոնցում տարեց մարդիկ են ներգրավված, որոնք դադարել են խմել կամ նվազեցրել են ալկոհոլի չափաբաժինը տարբեր հիվանդությունների զարգացման պատճառով: Նրանց համեմատ, մարդիկ, որոնք շարունակել են խմել, շատ ավելի առողջ տեսք են ունեցել։ Իսկ այս դեպքում արտաքին տեսքը խաբուսիկ է։

Իրենց վերլուծության համար Սթոքվելը և նրա գործընկերները ուսումնասիրել են 107 հրապարակված հետազոտություն, որոնք ժամանակի ընթացքում հետևել են մարդկանց և ուսումնասիրել խմելու սովորության և կյանքի տևողության միջև կապը: Համադրելով բոլոր տվյալները՝  նրանք պարզել են, որ հետազոտության ընթացքում մահանալու վտանգը 14%-ով ավելի ցածր է եղել թեթև և չափավոր ալկոհոլ օգտագործողների մոտ (այսինքն՝ նրանք, ովքեր շաբաթական մեկից երկու բաժակ են խմել), քան խուսափողների մոտ:

Սակայն  ամեն ինչ փոխվել է, երբ հետազոտողները խորացել են խնդրի ուսումնասիրության մեջ: Գտնվել են մի քանի «ավելի բարձրորակ» ուսումնասիրություններ, որոնք վերաբերել են համեմատաբար երիտասարդ (մինչև 55 տարեկան) մարդկանց և որոնցում խմելը դադարեցրած և պարբերաբար խմող մարդիկ չէին դիտարկվել, որպես «խուսափողներ»։ Այս հոդվածներում ալկոհոլի օգտագործումը կապված չի եղել կյանքի տևողության երկարելու հետ:

Պատկերացումը, որ չափավոր խմելը հանգեցնում է ավելի երկար և առողջ կյանքի, հայտնվել է մի քանի տասնամյակ առաջ: Որպես օրինակ՝ Սթոքվելը բերում է «ֆրանսիական պարադոքսը»՝ 1990-ականներին տարածված այն գաղափարը, թե կարմիր գինին օգնում է բացատրել, թե ինչու է ֆրանսիացիների շրջանում սրտանոթային հիվանդությունների համեմատաբար ցածր մակարդակ՝ չնայած բազմազան և յուղոտ սննդակարգի առկայությանը: Ալկոհոլի` որպես էլիքսիրի, այս գաղափարը դեռևս արմատացած է հասարակության երևակայության մեջ:

Իրականում, նույնիսկ ալկոհոլի չափավոր օգտագործումը չի երկարացնում մարդկանց կյանքը, այլ ավելին՝ հնարավոր վտանգ է ներկայացնում առողջության համար, ներառյալ քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը: Ահա թե ինչու ոչ մի խոշոր առողջապահական կազմակերպություն երբևէ ալկոհոլի օգտագործման անվտանգ մակարդակ չի սահմանել:

«Պարզապես, ալկոհոլի օգտագործման բացարձակապես անվտանգ մակարդակ չկա», - եզրափակել է Սթոքվելը: