2-րդ տեսակի շաքարային դիաբետը (ՇԴ2) խոցում է մեր օրգանիզմի բազմաթիվ օրգանները՝ հանգեցնելով լուրջ եւ տարբեր բարդությունների, ներառյալ երիկամային անբավարարությունը, սիրտ-անոթային հիվանդությունները, նյարդերի վնասումները եւ կոտրվածքների բարձր հավանականությունը։ Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ թեեւ ՇԴ2 ունեցող մարդիկ հաճախ ոսկրային հյուսվածքի ավելի ամուր հանքային խտություն են ունենում, նրանք, որքան էլ տարօրինակ է, ավելի շատ են ենթակա ոսկորների կոտրվածքներ ունենալու դրանց որակի վատացման պատճառով, գրել է News Medical-ը։
JAMA Network Open ամսագրում հրապարակված հոդվածը, որին մասնակցել է 75-80 տարեկան 3 008 կին, ցույց է տվել, որ ՇԴ2 ունեցող մարդիկ ունեցել են ոսկորների հյուսվածքների ավելի ամուր խտություն կոնքազդրային հոդում եւ ողնաշարի գոտկատեղի հատվածում, գրել է «Ֆոկուսը»։ Բայց նրանց ոսկորների միկրոկառուցվածքը ավելի թույլ է եղել, ինչը դրանք ավելի ընկալունակ է դարձրել կոտրվածքների հանդեպ։
Հավանաբար, այս ոչ սովորական երեւույթը կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպիսին են գլիկացման վերջնարդյունքների կուտակումը, ոսկրային հյուսվածքի շրջապտույտի նվազումը եւ ճարպային նստվածքների փոփոխությունը ողնուղեղում, որոնք բացասաբար են ազդում ոսկորների ամրության վրա։
Ոսկորների առողջությունից բացի՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ՇԴ2 ունեցող կանանց մոտ նկատելիորեն վատացել է ֆիզիկական ֆունկցիան։ Նրանք սկսել են ավելի դանդաղ քայլել, բռնելու ուժը պակասել է եւ այլն։ Ինսուլինով երկարատեւ բուժումը էլ ավելի է խորացրել այդ ֆիզիկական դժվարությունները։
Վատ գլիկեմիկ վերահսկողությունը ՇԴ2-ի դեպքում բարձրացնում է մահվան եւ կոտրվածքների վտանգը, հատկապես ազդրի կոտրվածքների։ Գլիկացված հեմոգլոբինի ամենաբարձր մակարդակ (HbA1C) ունեցող կանայք կոտրվածքների զգալիորեն ավելի բարձր վտանգի են ենթարկված, անգամ ռիսկի այլ գործոնները (տարիք եւ մարմնի զանգված) հաշվի առնելու դեպքում։
Դիաբետը զգալի ազդեցություն է գործում մեր ամբողջ օրգանիզմի վրա՝ բարդացնելով ոչ միայն գլյուկոզայի փոխանակությունը եւ թուլացնելով ոսկորների կառուցվածքը։
ՇԴ2-ի համալիր եւ ժամանակին բուժումը վճռական նշանակություն ունի այս վտանգների նվազեցման եւ օրգանների տարբեր ախտահարումների կանխման համար։






