Նոր հետազոտությունը նախազգուշացնում է, որ կլիմայի փոփոխությունը կբարձրացնի սալմոնելայով հիվանդանալու վտանգը սննդի աղտոտման պատճառով։ Օդի բարձր խոնավությունը կբարձրացնի այն հավանականությունը, որ տերեւներով կանաչեղենը, ինչպիսին է հազարը, կտուժի բակտերիալ հիվանդություններից, ինչպիսին է տերեւների բծավորությունը, տեղեկացրել են հետազոտողներն իրենց հոդվածում, որը հրապարակվել է Applied and Environmental Microbiology ամսագրում։
Իր հերթին, այդ բակտերիալ հիվանդությունները կարող են օգնել սալմոնելային գոյատեւել տերեւներ ունեցող կանաչիներում՝ ավելացնելով սննդային ծագմամբ հիվանդությունների ռիսկը մարդկանց մոտ։ «Բարձր խոնավության ազդեցությունը առողջ բույսերի վրա նպաստել է բույսերի մեջ սալմոնելայի պահպանմանը, ինչը սննդային մթերքների անվտանգության համար խնդիր է հանդիսանում՝ կապված կլիմայի փոփոխության հետ»,- ասել է հետազոտող Ջերի Բարաքը (Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանի բույսերի պաթոլոգիայի պրոֆեսոր)։ Ամեն տարի սալմոնելայով հիվանդանում է 1,2 մլն մարդ ԱՄՆ-ում։
Թարմ մթերքները վարակվելու առավել տարածված միջոցն են, քանի որ սալմոնելան պահպանվում է ոչ միայն բազմաթիվ մշակաբույսերում եւ ընդերքում երկար ժամանակի ընթացքում։ Լաբորատոր փորձերում հետազոտողները տարբեր կերպ են գնահատել կանաչիների վրա բակտերիաների ազդեցությունը, որոնք բծեր են առաջացնում դրանց տերեւների վրա։






