Ստերոիդների ընդունումը կրկնապատկում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը, զգուշացնում է նոր հետազոտությունը: Ստերոիդային հաբեր, ներարկումներ կամ ինֆուզիաներ ընդունող հիվանդների մոտ 2,6 անգամ ավելի բարձր է շաքարախտի առաջացման հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ստերոիդներ չեն ընդունում, հայտնել են գիտնականները Մադրիդում Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի տարեկան ժողովի ժամանակ, գրում է UPI-ն։
Լայնածավալ այս հետազոտության արդյունքները հաստատում են այն կասկածները, որ ստերոիդների ազդեցությունը արյան շաքարի մակարդակի վրա կարող է մեծացնել շաքարախտի զարգացման վտանգը, ասում են գիտնականները:
Ստերոիդները օգտագործվում են լայն սպեկտրի հիվանդությունների բուժման համար՝ օգնելով ճնշել բորբոքումը: Դրանց թվին են պատկանում ասթման, ռևմատոիդ արթրիտը, աղիների բորբոքային հիվանդությունը և քաղցկեղը: Ցավոք, այս դեղամիջոցները նաև բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը՝ նվազեցնելով ինսուլինի հանդեպ զգայունությունը և խաթարելով գլյուկոզան յուրացնելու բջիջների ունակությունը:
Հասկանալու համար, թե, արդյո՞ք, արյան մեջ շաքարի մակարդակի վրա այս ազդեցությունը կարող է շաքարախտ առաջացնել, հետազոտական թիմը վերլուծել է ավելի քան 450,000 մարդու տվյալները, որոնք բուժվել են 2013-2023 թվականներին Օքսֆորդի համալսարանական հիվանդանոցներում: Հետազոտության սկզբում հիվանդներից ոչ ոք չուներ շաքարախտ և ոչ ոք չէր ընդունում ստերոիդներ:
Ուսումնասիրության ընթացքում հիվանդների գրեթե 4%-ը սկսել է ստերոիդներ ընդունել հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ ներառյալ պրեդնիզոլոն, հիդրոկորտիզոն և դեքսամետազոն: Հետազոտողները պարզել են, որ ստերոիդներ ընդունած բոլոր հիվանդների մոտ 2%-ի մոտ զարգացել է 2-րդ տիպի շաքարախտ, համեմատած 1%-ից պակաս հիվանդների, որոնք ստերոիդներ չեն ստացել: Հիվանդների տարիքը և սեռը հաշվի առնելով՝ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ստերոիդները 2,6 անգամ ավելացնում են շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:
Մարդիկ, որոնք կանոնավոր կերպով ստերոիդներ են ընդունում ասթմայի և արթրիտի բուժման համար, պետք է ստուգեն արյան մեջ շաքարի մակարդակը, խորհուրդ են տվել հետազոտության հեղինակները:






