Ֆլորիի անվան նյարդաբանության եւ հոգեկան առողջության ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականները պարզել են, որ արու մկների աղիների միկրոբիոմի հյուծումը կապված է եղել նրանց սերմնահեղուկի փոփոխությունների հետ, որոնք բացասաբար են ազդել նրանց սերնդի առողջության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain, Behavior, and Immunity ամսագրում։

Աղիների միկրոբիոմը աղիներում բնակվող միկրոօրգանիզմների համալիրն է, որը մասնակցում է մարսողությանը եւ մարդու համար անհրաժեշտ նյութերի սինթեզին։ Դրա նորմալ գործառնությունը հսկայական նշանակություն ունի ոչ միայն աղեստամոքսային տրակտի օրգանների, այլեւ իմունային, էնդոկրին եւ նյարդային համակարգերի աշխատանքի համար։

Պարզելու համար, թե ինչպես է միկրոբային հավասարակշռության խանգարումն ազդում բեղունության վրա, գիտնականները փորձ են կատարել կրծողների վրա։ Արու մկներին տվել են խմելու հակաբիոտիկներ, որպեսզի հյուծեն նրանց աղիքային միկրոբիոմը։ Դա հանգեցրել է նրանց սերմնահեղուկի էպիգենետիկ փոփոխությունների եւ առողջական խնդիրներ է առաջացրել նրանց սերնդի մոտ։

Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են, որ արական եւ իգական սեռի մկնիկների մոտ իջել է մարմնի զանգվածը, կրճատվել աղիների երկարությունը։ Էգ մկները նաեւ տագնապալի եւ դեպրեսիվ վարք են ցուցադրել։

Մինչ այդ Ֆլորիի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել էին, որ մկների սերնդի վրա ազդում են սերմնահեղուկի փոփոխությունները՝ պայմանավորված բակտերիալ վարակներով եւ վիրուսանման հիվանդություններով, ինչպես նաեւ դիետայով, ֆիզիկական վարժություններով եւ սթրեսով։ Նրանք ընդգծել են, որ մարդու աղիների միկրոբիոմի ֆունկցիան նման է մկներին։ Դա նշանակում է, որ տղամարդկանց կենսակերպը, դիետան եւ վարքը մինչեւ սաղմնավորումը կարող են կարեւոր դեր խաղալ նրանց երեխաների առողջության հարցում։