Ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետան 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց թույլ կտա դադարեցնել դեղերի ընդունումը արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար։ Այս մասին է վկայում այն հետտազոտությունը, որը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism-ում (JCEM)։
Ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները արտադրում են ինսուլին՝ հորմոն, որը վերահսկում է շաքարի մակարդակն արյան մեջ։ 2-րդ տեսակի դիաբետի դեպքում այդ բջիջները կարող են պակաս արդյունավետությամբ արձագանքել շաքարի մակարդակի բարձրացմանը։ Նոր հետազոտությունը, որին մասնակցել է 57 պացիենտ, ցույց է տվել, որ բետա-բջիջների աշխատանքը կարող է բարելավել ցածր ածխաջրային դիետան։ Ածխաջրերով հարուստ են ձավարեղենը եւ բոլոր քաղցր եւ ալյուրից պատրաստված մթերքները։
Կամավորներին բաժանել են երկու հավասար խմբերի։ 12 շաբաթվա ընթացքում նրանք հետեւել են կամ բարձր ածխաջրային (55 տոկոս ածխաջուր եւ 20 տոկոս ճարպ) կամ ցածր ածխաջրային (9 տոկոս ածխաջուր եւ 65 տոկոս ճարպ) դիետայի։ 12 շաբաթ հետո ածխաջրերը սահմանափակած խմբում բարելավվել է բետա-բջիջների աշխատանքը։ Որոշ ցուցանիշների դեպքում արդյունավետության բարձրացումը եղել է կրկնակի բարձր։
Գիտնականները կարծում են, որ ցածր ածխաջրային դիետան, ավելի երկարատեւ պահելու դեպքում, կարող է հանգեցնել ռեմիսիայի եւ դիաբետի դեմ դեղերից հրաժարման։ Նրանք նախաեսում են ստուգել դա գալիք հետազոտություններում։






