Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին երեք տասնամյակում երիկամների քրոնիկական հիվանդությունների թիվը կանանց շրջանում եռակի ավելացել է ողջ աշխարհում։ Բացի այդ, 2-րդ տեսակի դիաբետը եւ հիպերտոնիան դարձել են այդ հիվանդություններից մահվան հիմնական պատճառները կանանց մոտ։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են ASN Kidney Week 2024 միջոցառման ժամանակ հոկտեմբերի 23-27-ին, գրել է Medical Xpress-ը։
Ուսումնասիրության հիմքում ընկած են «Հիվանդությունների գլոբալ բեռը 2021» հետազոտության տվյալները, համալիր աշխատանք ամբողջ աշխարհում առողջության կորստի քանակական գնահատականների վերաբերյալ որոշակի ժամանակահատվածում։ Հետազոտությունում ներառված է տեղեկություն 204 երկրներից եւ տարածքներից։
1990-2021թթ. երիկամների քրոնիկական հիվանդությունների տարածվածության միջին տարեկան տոկոսային փոփոխությունը կանանց շրջանում ավելացել է 2,10 տոկոսով, մահացությունը՝ 3,39 տոկոսով, իսկ կյանքի տարիների քանակությունը հաշմանդամության հաշվառմամբ՝ 2,48 տոկոսով։
Նշվել են նաեւ զգալի տարբերություններ մահացության եւ հիվանդացության մակարդակի միջեւ՝ կապված երիկամների քրոնիկական հիվանդությունների հետ, ընդ որում՝ նկատվում է աճ, մասնավորապես, Լատինական Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում եւ տարեց մարդկանց շրջանում։
Հետազոտությունը վերջին տասնամյակում ցույց է տվել մահացության տագնապալի աճ՝ կապված ռիսկի մետաբոլիկ գործոնի հետ, 2000-2010թթ. ոչ մեծ նվազումից հետո։
«Առանց օպերատիվ միջոցների ընդունման երիկամների քրոնիկական հիվանդությունների հետագա աճը առողջապահության համակարգը կծանրաբեռնի եւ կհանգեցնի հիվանդացության եւ մահացության ավելացման ամբողջ աշխարհում»,- նշել են գիտնականները։






