2-րդ տեսակի շաքարային դիաբետի դեմ պայքարում բժիշկները մշտապես փնտրում են արյան մեջ գլյուկոզայի վերահսկման արդյունավետ միջոցներ, որոնք հասանելի կլինեն պացիենտների լայն շրջանակին։ Հետազոտողների խումբը համեմատել է երկու մոտեցում դիաբետի վերահսկմանը. ժամանակային սահմանափակմամբ սննդակարգ եւ սննդաբանի ավանդական խորհրդատվություններ։

Հետազոտության կարեւոր տարր է դարձել 16։8 դիետան, որը լայն տարածում է ստացել է 2015-ից։ Այդ մեթոդը ենթադրում է սննդի ընդունում ութ ժամանոց պատուհանում, օրինակ՝ ժամը 11։00-ից մինչեւ 19։00-ն, հետագա 16 ժամում սնունդ չընդունելով։ Այս կարգն օգնում է օրգանիզմին սինքրոնացնել սնվելը բնական կենսաբանական ռիթմերի հետ, ինչը հատկապես կարեւոր է դիաբետ ունեցողների համար, որոնց մոտ հաճախ նկատվում է գլյուկոզայի բարձր մակարդակ առավոտյան ժամերին։

Վեցամսյա հետազոտությանը մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող 52 պացիենտ, որոնք ընդունել են երկու դեղահաբից ոչ ավելի։ Մասնակիցներին բաժանել են երկու հավասար խմբերի. մեկը հետեւել է ժամանակային սահմանափակումներ ունեցող կարգին, մյուսը ստացել է սննդաբանի անհատական խորհրդատվությունները։ Առաջին չորս ամիսներին երկու խմբերն այցելել են չորս խորհրդատվություների, ինչից հետո երկու ամիս ինքնուրույն հետեւել են նշանակված կարգին։

Արդյունքները ցույց են տվել երկու մեթոդների նույն արդյունավետությունը, ընդ որում՝ առավել նկատելի բարելավում գրանցվել է առաջին երկու ամսում։ Երկու խմբերում նկատվել է նաեւ որոշ մասնակիցների քաշի իջեցում։ Սակայն 16։8 կարգին հետեւող պացիենտները նշել են ավելի հեշտ ադապտացում սնվելու նոր ժամանակացույցին եւ լրացուցիչ առավելություններ են ստացել քնի որակի բարելավման ձեւով։ Նրանք նաեւ նշել են ընտանիքի աջակցության եւ վաղ համատեղ ընթրիքի դրական էֆեկտի մասին։

Հատկանշական է, որ ժամանակային սահմանափակմամբ խմբի մասնակիցները ավելի կարգապահ են եղել դիետիկ խորհրդատվության խմբի համեմատ։ 16։8 ռեժիմը պահելու հիմնական խոչընդոտներ են դարձել սոցիալական միջոցառումները, մերձավորների խնամքի պարտականություները եւ աշխատանքային ժամանակացույցը։ Այնուամենայնիվ, մեթոդի պարզությունը եւ բարդ դիետիկ հաշվարկների անհրաժեշտության բացակայությունն այն ավանդական մոտեցման հրապուրիչ այլընտրանք են դարձնում, մանավանդ այն պացիենտների համար, որոնք սննդաբանի խորհրդատվությունների մշտական հասանելիություն չունեն։