Արյունաբանության զարգացումը ավելի քան մեկ հարյուրամյակի պատմություն ունի, և դրա առանցքային պահը ավստրիացի բժիշկ Կառլ Լանդթեյների կողմից արյան խմբերի հայտնաբերումն էր 1900 թվականին: Գիտական այս ձեռքբերումը ընդմիշտ փոխեց բժշկության և տրանսֆուզիոլոգիայի նկատմամբ մոտեցումը, հայտնում է PlanetToday-ը։
Մեր օրերում գիտնականներն առանձնացնում են 35 տարբեր արյան խմբեր՝ դրանց համակցությունների ավելի քան 300 տարբերակներով։ Հետազոտողները ենթադրում են, որ արյան տարբեր խմբերի ձևավորումը գոյության տարբեր պայմաններին և ապրելակերպին մարդկության էվոլյուցիոն ադապտացիայի արդյունք էր:
Հետաքրքիր կապ է բացահայտվել արյան խմբերի և հնագույն մարդկանց ապրելակերպի միջև։ Առաջին խումբը բնորոշ էր որսորդ-հավաքողներին, երկրորդն ավելի տարածված էր հողագործների շրջանում, իսկ երրորդը գերակշռում էր Կենտրոնական Ասիայի քոչվոր ժողովուրդների մոտ։ Արյան չորրորդ խմբի ծագումը մնում է առեղծված ժամանակակից գիտության համար:
Արյան յուրաքանչյուր խումբ կապված է որոշակի առողջական հատկանիշների հետ: Առաջին խմբի տերերն ավելի հակված են ալերգիկ ռեակցիաներին, բայց հաճախ դառնում են երկարակյաց։ Երկրորդ խումբ ունեցող մարդիկ քաղցկեղի զարգացման ավելի քիչ ռիսկ ունեն, սակայն նրանց մոտ լյարդի հետ կապված խնդիրներն ավելի հավանական են:
Արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում կորոնավիրուսային վարակի, բայց ավելի հավանական է, որ տառապեն քրոնիկական հոգնածությունից։ Չորրորդ խմբի կրողները դրսևորում են ավելի ցածր մահացություն սրտի կաթվածից, բայց ունեն հենաշարժական համակարգի հիվանդությունների և աթերոսկլերոզի զարգացման բարձր հավանականություն:
Ինչպես նշում է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը, արյան խումբը պարունակում է կարևոր գենետիկ տեղեկատվություն և կարող է որոշակի հիվանդությունների նկատմամբ հակվածություն մատնանշել։ Օրինակ՝ առաջին խմբի մոտ ավելի հաճախ ախտորոշվում է ստամոքսի խոց, երկրորդի մոտ՝ ստամոքսի քաղցկեղ, երրորդ և չորրորդ խմբերի մոտ՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ։






