Ֆամպրիդինը ներկայում օգտագործվում է ցրված սկլերոզի դեպքում քայլելու ունակությունը բարելավելու համար

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն կարող է նաեւ օգնել աշխատանքային հիշողության խնդիրներ ունեցող մարդկանց, ինչը դրսեւորվում է հոգեկան խանգարումներով, ինչպիսին են շիզոֆրենիան եւ դեպրեսիան։

Կոդը հիշելու, զրույց վարելու եւ առօրյա իրավիճակներում ասվածին համարժեք արձագանքի համար մենք օգտագործում ենք աշխատանքային հիշողությունը։ Այն թույլ է տալիս հիշողության մեջ պահել ինֆորմացիան մի քանի վայրկյանի ընթացքում։ Որոշ հիվանդություններ (օրինակ՝ շիզոֆրենիան կամ դեպրեսիան) վատացնում են աշխատանքային հիշողությունը։ Տուժածները կորցնում են խոսակցության թելը եւ դժվարությամբ են կարգի բերում իրենց մտքերը։

Ֆամպրիդինը դեղամիջոց է, որը կարող է օգնել նման դեպքերում, վկայում են հետազոտողները պրոֆեսոր Անդրեաս Պապասոտիրոպուլոսի եւ պրոֆեսոր Դոմինիկ դը Քերվենի գլխավորությամբ (Բազելի համալսարան)։ Գիտնականների թիմն իրենց արդյունքների մասին տեղեկացրել է Molecular Psychiatry ամսագրում։

Գիտնականներն ստուգել են ֆամպրիդինի արդյունավետությունը 34 առողջ մարդկանց մոտ։ Հենց այն մասնակիցների շրջանում, որոնց աշխատանքային հիշողությունը ցածր մակարդակի է եղել, ֆամպրիդինը ավելի արտահայտված արդյունք է դրսեւորել. երեք օր նյութն օգտագործելուց հետո նրանք ցուցադրել են ավելի լավ արդյունքներ համապատասխան թեստերում, քան դատարկահաբ ընդունածները։ Իսկ արդեն լավ աշխատանքային հիշողություն ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը ոչ մի արդյունք չի գրանցել։

Հետազոտողները նշել են, որ ֆամպրիդինը բարձրացրել է բոլոր մասնակիցների ուղեղի գրգռվողականությունը, ինչը նպաստել է ազդակների ավելի արագ մշակմանը։