Covid-19-ը կարող է լինել ցրված սկլերոզի առաջացման գործոն, ինչի մասին ապացուցել է Էրեբրուի համալսարանի եւ Էրեբրուի համալսարանական հիվանդանոցի (Շվեդիա) վերջերս իրականացրած հետազոտությունը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Communications ամսագրում։
«Մենք հայտնաբերել ենք ցրված սկլերոզի հավանականության բարձր ռիսկ այն մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են Covid-19-ի ծանր ձեւով։ Սակայն քիչ թվով մարդկանց մոտ է հետագայում հաստատվել ցրված սկլերոզի ախտանշանը»,- ասել է Էրեբրուի համալսարանի կլինիկական համաճարակաբանության պրոֆեսոր Սքոթ Մոնթգոմերին։
Նա ուսումնասիրել է Covid-19 ունեցած բոլոր պացիենտների հիվանդության պատմությունը, որոնք հոսպիտալացվել են Շվեդիայում 2020-2022թթ.։ Արդյունքները ցույց են տվել, որ 100 000 պացիենտներից 26-ի մոտ հետագայում առաջացել է ցրված սկլերոզ։ Դա ավելի քան երկու անգամ գերազանցել է Covid-19 չունեցած պացիենտների ցուցանիշը։
«Ես ցանկանում եմ պարզաբանել, որ ցրված սկլերոզը հազվադեպ հիվանդություն է, եւ շատ մարկանց, ովքեր մասնակցել են այս հետազոտությանը (100 000), տրվել է այս ախտորոշումը՝ կապված Covid-19-ի հետ։ 26 մարդիկ, որոնց մոտ այն ախտորոշվել է, կազմում են 100 000 մարդու ընդամենը 0,02 տոկոսը»,- նշել է նա։
Պրոֆեսորը կասկածում է, որ Covid-19-ի ծանր ձեւով հիվանդացած եւ ցրված սկլերոզի ախտորոշում ստացած մարդկանց թիվը կավելանա տարիներ անց։
«Կարող է 10-20 տարի անցնել՝ նախքան ցրված սկլերոզի ախտորոշումը գլխուղեղի կամ ոսկրածուծի վրա համապատասխան ազդեցությւոնից հետո։ Covid-19-ի վտանգավորության աստիճանը ավելի պարզ կդառնա մի քանի տարի անց»,- կարծում է գիտնականը։
Նա հուսով է, որ հետազոտությունը կհանգեցնի ցրված սկլերոզի ավելի վաղ ախտորոշման հնարավորության, որպեսզի տուժածներին հնարավոր լինի բուժել մինչեւ խորացած հիվանդության առաջացումը։






