Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական յուրաքանչյուր տասը րոպե ուժային մարզումը հանգեցնում է տելոմերների՝ քրոմոսոմների ծայրերի պաշտպանիչ «գլխարկների» մի փոքր երկարացման, որոնց կրճատումը կապված է կենսաբանական ծերացման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology ամսագրում։ Գիտնականները նման եզրակացության են եկել 4900 տղամարդու և կնոջ առողջական վիճակի և ապրելակերպի վերլուծության արդյունքում։ Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ տասը րոպե ֆիզիկական ակտիվությունը կարող է մի փոքր երկարացնել տելոմերները: Պարզվել է նաև, որ շաբաթական 90 րոպե մարզվող մարդկանց կենսաբանական տարիքը չորս տարով փոքր է եղել, քան չմարզվողներինը։ Շաբաթը երեք անգամ մեկ ժամ տեւողությամբ մարզվելը կարող է ութ տարով հետաձգել կենսաբանական ծերացումը: Ընդ որում, այս էֆեկտը դրսևորվել է բոլոր մարդկանց մոտ՝ անկախ սեռից, տարիքից և քաշից։ Կենսաբանական մակարդակում ծերացումը տարբեր մոլեկուլային և բջջային վնասների ազդեցության հետևանք է, որոնք կուտակվում են ժամանակի ընթացքում: Ի տարբերություն անձնագրային տարիքի, որն արտացոլում է իրականում ապրած տարիների թիվը, կենսաբանական տարիքը կարող է պատմել մարմնի «մաշվածության» աստիճանի մասին։ Գիտնականները նշել են, որ առողջության համար հատկապես օգտակար են ուժային մարզումները՝ վարժությունները ծանրաձողերով, մարզասարքերով և սեփական քաշով։ Նրանք ոչ միայն ամրացնում են մկաններն ու կապանները, այլև դրական են ազդում ոսկրային հյուսվածքի, նյութափոխանակության, սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև օգնում են պայքարել մեջքի ցավի, գիրության և շաքարախտի դեմ:
Ուժային մարզումները երկարացնում են երիտասարդությունը՝ երկարացնելով տելոմերները






