Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ արախիդոնոիլգլիցերին (2-AG) մոլեկուլի ակտիվության ուժեղացումը նվազեցնում է ուտելու հակումը եւ բարձրացնում ֆիզիկական ակտիվության մոտիվացիան մկների մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ մկների քաշի վերահսկումը հիմնականում կարգավորվում է մերձակա միջուկի նեյրոններով՝ ուղեղի հատված, որը հարուստ է էնդոկանաբինոիդներով։ Այդ նեյրոնները օգնում են կարգավորել սննդային պարգեւատրումը եւ ֆիզիկական ակտիվությունը։ Կարեւոր տարր է ABHD6 ֆերմենտը, որը քայքայում է 2-AG-ը։

Փորձերի ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ինհիբացված ABHD6-ը մկների օրգանիզմում իջեցնում է մարմնի զանգվածը եւ պաշտպանում դիաբետից։ այդ ֆերմենտը կոդավորող գենը հեռացնելու դեպքում մկների մոտ մերձակա միջուկում նկատվել է մոտիվացիայի նվազում ուտելու հանդեպ եւ ֆիզիկական ակտիվության բարձրացում։ Այս բացահայտումը անսպասելի էր, քանի որ գիտնականներն սպասում էին, որ 2-AG-ի մակարդակի բարձրացումը կխթանի սննդի օգտագործումը։

Մկները առանց ABHD6 գենի ավելի շատ ժամանակ են անցկացրել վազքանվում, քան վերահսկիչ խմբի մկները, որոնք, հակառակը, քաշ են հավաքել եւ իջեցրել ֆիզիկական ակտիվության մակարդակը։ Նրանց մոտ չեն նկատվել տագնապայնության կամ դեպրեսիայի նշաններ։

Հետազոտությունը նոր հորիզոններ է բացում ճարպակալման եւ մետաբոլիկ խանգարումների բուժման նոր մեթոդների մշակման համար։ ABHD6 ինհիբիտորները ներկա պահին կլինիկական փորձարկումներ են անցնում։ Գիտնականները պետք է հաստատեն, որ ախորժակի ճնշման մարդկային մեխանիզմներն այդ դեղերի օգնությամբ նման են մկների համար օգտագործվող մեխանիզմներին։