Օսակայի Մետրոպոլիտեն համալսարանի գիտնականները պարզել են, որ սերին կոչվող ամինաթթուն կարող է խանգարել օրգանիզմում Clostridium perfringens բակտերիաների սպորների առաջացմանը: Այս հարուցիչը հաճախ դառնում է սննդային թունավորման պատճառ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Anaerobe բժշկագիտական հանդեսում։
Ըստ գիտնականների՝ Clostridium perfringens մանրէն տարածված է կենդանիների աղիներում և հողում։ Clostridium perfringens-ը բազմանում է թթվածնի ցածր պարունակությամբ միջավայրերում, մասնավորապես՝ կաթսայում պահվող սննդամթերքում: Սպորների ձևավորման ժամանակ արտազատվող տոքսինները ներթափանցելուց հետո կարող են առաջացնել փորլուծություն և որովայնի ուժեղ ցավ: Սակայն մինչ այժմ սպորների առաջացման մեխանիզմը բավականաչափ ուսումնասիրված չէ։
Օսակայի Մետրոպոլիտեն համալսարանի անասնաբուժական գիտությունների բարձրագույն դպրոցի դոցենտ Մայո Յասուգիի թիմն ուսումնասիրել է, թե ինչպես են ամինաթթուները մասնակցում Clostridium perfringens սպորների արտադրության մեջ: Գիտնականները ստեղծել են 21 մշակութային միջավայր, որտեղ նրանցից 20-ը զրկվել են մարդու օրգանզիմի սպիտակուցները կազմող ամինաթթուներից մեկից։ Դա ցույց տվեց, որ ամինաթթու սերինը ճնշում է բակտերիաների բջջային պատի վերափոխումը, որն անհրաժեշտ է սպորի վերածվելու համար:
Պրոֆեսոր Յասուգին նշել է, որ հետազոտության ժամանակ արձանագրվել է մեկ ամինաթթվի կողմից սպոր առաջացնող անաէրոբ բակտերիաների արգելման առաջին դեպքը։
Ապագայում գիտնականները հույս ունեն ավելի լավ հետազոտել սերինի արգելակման ունակությունը, Clostridium perfringens-ով սննդային թունավորման պաթոգեն մեխանիզմները և մարդու մարմնում պաթոգեն միկրոօրգանիզմների գոյատևման ռազմավարությունը: Նրանք հույս ունեն, որ նոր գիտելիքները նոր ուղիներ կբացեն թունավորումների դեմ պայքարի արդյունավետ եղանակների մշակման համար։






