Ամերիկացի գիտնականներն արյան մեջ նոր բիոմարկեր են հայտնաբերել, որը վկայում է դեմենցիայի զարգացման մասին։ Բացահայտումը կարող է դեմենցիայի ախտորոշումն ավելի արագ և մատչելի դարձնել: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer's & Dementia (AlzDem) բժշկագիտական ​​հանդեսում:

Մասնագետների հավաստմամբ՝ իրենք ուսումնասիրել են անոթների ձևավորման գործում վճռորոշ դեր խաղացող արյան մի սպիտակուց։ Տարրը կապված է նաև անոթային թափանցելիության հետ՝ իբրև ճանաչողական գործառույթների անկմանն առնչվող ցուցանիշ։

Գիտնականները գնահատել են բուժառուների մեծ խմբի տվյալները՝ տարբեր անոթային ռիսկի պրոֆիլներով և ճանաչողական ունակություններով՝ անվնաս մնալուց մինչև դեմենցիայի թեթև տեսակ: Նրանք պարզել են, որ այս սպիտակուցի պլազմային մակարդակները (PlGF) մտավոր կարողությունները ստուգելու և գնահատելու պոտենցիալ մարկեր են ծառայում:

Արդյունքները համահունչ էին այն հաշվարկներին, որոնք ցույց էին տալիս, որ PIGF-ի բարձրացումը մեծացնում է անոթային թափանցելիությունը, ինչը հանգեցնում է ուղեղի սպիտակ նյութում հեղուկի կուտակմանը: Դա իր հերթին հանգեցնում է սպիտակ նյութի հիպերինտենսիվության և հետագա ճանաչողական ունակությունների խանգարմանը:

Հետազոտողները նշել են, որ եթե իրենց նախնական եզրահանգումները հաստատվեն, PIGF-ի օգտագործումը արյան պարզ թեստում կարող է ապահովել մագնիսական ռեզոնանսային պատկերման (MRI) սկանավորման ավելի պարզ և էժան այլընտրանք: Ներկայում մագնիսառեզոնանսային շերտագրությունը դեռևս գլխուղեղի անոթների վիճակի հիման վրա դեմենցիայի ախտորոշման հիմնական եղանակն է: