Օքսֆորդի եւ Իսլանդական համալսարանների գիտնականները հայտնաբերել են, որ վերարտադրողական առողջության, բեղունության եւ երկարակեցության հետ կապված են 37 գեներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Monthly Notices of the Royal Astronomical Society Letters (MNRAS) ամսագրում։

Նոր հետազոտությունում, որը հիմնված է GWAS (Genome-Wide Association Study) գլոբալ քարտադարանի տվյալների վրա, գիտնականներն ուսումնասիրել են 159 գենետիկական հետազոտություններ՝ նվիրված տարբեր վերարտադրողական բնութագրիչների։ Դրանց թվում են տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ, դաշտանադադարի սկսվելու ժամանակը եւ հորմոնների մակարդակները, ինչպիսին են ֆոլիկուլախթանող հորմոնը եւ տեստոստերոնը։

Ամենակարևոր բացահայտումներից էր FSHB գենի դերը, որը կարգավորում է դաշտանի եւ դաշտանադադարի սկիզբը։ Այս գենը կապված է 11 տարբեր վերարտադրողական բնութագրիչների հետ՝ ընդգծելով դրա կարեւորությունը ոչ միայն վերարտադրության, այլեւ օրգանիզմի ծերացման համար:

Պարզվել է նաեւ, որ վերարտադրողական գեները կարող են ազդել ընդհանուր առողջության վրա: Գիտնականները բացատրել են, որ դաշտանադադարի տարիքը եւ հորմոնալ կարգավիճակը կարող են կապված լինել հորմոնից կախված քաղցկեղի զարգացման ռիսկի հետ, ինչպիսին է կրծքագեղձի քաղցկեղը: Ապացուցված է, որ սեռական հասունացման եւ դաշտանադադարի հետաձգված սկիզբը կապված է կյանքի ավելի երկար տեւողության հետ:

Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել FTO գենին, որը նախկինում կապված էր գիրության եւ 2-րդ տեսակի շաքարախտի ռիսկի հետ։ Այժմ պարզվել է, որ գենն ազդում է նաեւ վերարտադրողական գործընթացների վրա՝ ընդգծելով գիրության, եբղունության եւ երկարակեցության միջեւ կապը:

Հետազոտությունն անդրադարձել է նաեւ տղամարդկանց բեղունության գենետիկական ասպեկտներին: Պարզվել է, որ DNAH2 գենը ազդում է տեստոստերոնի մակարդակի եւ սերմի ֆունկցիայի վրա, ինչը կարեւոր է տղամարդու անպտղությունը հասկանալու համար: Բացի այդ, աշխատանքը ցույց է տվել, թե ինչպես կարող են ծնողների գենետիկ փոփոխությունները փոխանցվել երեխաներին եւ ազդել ապագա սերունդների առողջության վրա։