Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են սննդային այնպիսի խանգարման ծագումը, ինչպիսին սթրեսն ուտելով հաղթահարելն է: Պարզվել է, որ դա կապված է մանկության տարիներին հարկադիր կերակրման պրակտիկայի հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Appetite գիտական ամսագրում։
Սննդի միջոցով բացասական հույզերի դեմ պայքարելը ավելի մեծ տարիքում կարող է հանգեցնել քաշի հետ կապված խնդիրների կամ սննդային վարքի խանգարումների: Հայտնի է, որ երեխաներին ստիպողաբար կերակրելը կարող է հույզերի պատճառով չափից ավելի ուտելու պատճառ դառնալ, սակայն այդ կապի մեխանիզմները մնում էին անհասկանալի։
Նոր հետազոտությանը մասնակցել են չորս և հինգ տարեկան երեխաների 221 մայրեր: Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ՝ ներկայացնելով կերակրման իրենց մեթոդները և երեխայի ուտելու վարքագիծը:
Հետազոտողներն առանձնացրել են կերակրման չորս պրակտիկա՝ ուտելիքի օգտագործումը որպես մխիթարություն, ուտելիքի օգտագործումը որպես պարգևատրում (և պատժի համար դրնից զրկելը), ուտելիքի առաջարկումը հուզական լարված իրավիճակներում և ուտելիքի օգտագործում՝ որոշակի վարքագիծ խրախուսելու կամ կասեցնելու համար:
Հետազոտողները պարզել են, որ հարկադիր կերակրման բոլոր չորս պրակտիկաները կապված են երեխաների հուզական ավելի թույլ կարգավորման հետ:
Հուզական թույլ կարգավորումն իր հերթին կապված էր հուզական վյճակում չափից դուրս ուտելու հետ:
Արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ սնունդը որպես հույզերը կառավարելու գործիք օգտագործելը կարող է երեխաներին սովորեցնել ապավինել սննդին որպես հաղթահարման մեխանիզմ՝ իրենց զգացմունքները կառավարելու ավելի հարմարվողական ռազմավարություններ մշակելու փոխարեն:






