Մաունթ-Սինայի Բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք քնի մեջ շուռումուռ են գալիս անկողնում, կարող են Պարկինսոնի հիվանդության առաջացման հակում ունենալ: Անհանգիստ քունը կարող է պայմանավորված լինել գլխուղեղի այն հատվածում բորբոքման ավելացմամբ, որը կարգավորում է դոֆամինի արտադրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Neurology ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում քնի ժամանակ մարմնի հաճախակի շարժումները կոչվում են արագ քնի փուլի խանգարում (RBD): Հայտնի է, որ Պարկինսոնի հիվանդությամբ եւ դեմենցիայով տառապող պացիենտների մոտ նվազել է դոֆամինի մակարդակը, որը մասնակցում է քնելու-արթնանալու ցիկլը կարգավորելուն եւ օգնում է վերահսկել քնի փուլերը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղի նյարդային բջիջները, որոնք արտադրում են այն, մահանում են:
Հետազոտողները նաեւ պարզել են, որ քնի հետազոտությունը, որը հայտնի է որպես վիդեոպոլիսոմնոգրաֆիա, կարող է օգնել կանխատեսելու Պարկինսոնի հիվանդության առաջացումը: 170 կամավորների մասնակցությամբ (որոնցից 80-ը տառապում էին այս հիվանդությամբ) փորձի շրջանակում գիտնականներն օգտագործել են քնի մոնիթորինգի այս տեխնոլոգիան։
Թիմը վերլուծել է մասնակիցների շարժումների քանակը, որոնք կատարել են արագ քնի ժամանակ: Այնուհետեւ գիտնականներն օգտագործել են այս տվյալները՝ չափելու շարժումների հաճախակիությունը, մեծությունն ու արագությունը, ինչպես նաեւ անշարժ լինելու (հանգիստ քուն) հարաբերակցությունը: Քնի հետազոտությունն օգնել է պարզել այն անձանց, որոնք տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ 92 տոկոս ճշգրտությամբ։






