Աչքի և ականջի Վիկտորիանական թագավորական հիվանդանոցի (Royal Victorian Eye and Ear Hospital) գիտնականները պարզել են, որ աչքի ցանցաթաղանթի անոթների վերլուծությունը կարող է կանխատեսել ինսուլտի ռիսկը նույնքան ճշգրիտ, որքան ավանդական մեթոդները, բայց առանց ինվազիվ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Heart ամսագրում:
Գիտնականների կարծիքով՝ ցանցաթաղանթն ընդհանուր անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններ ունի ուղեղի արյունատար անոթների հետ, ինչը թույլ է տալիս օգտագործել դրա կարգավիճակը՝ գնահատելու համակարգային հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի պատճառած վնասը: Այնուամենայնիվ, այս ներուժը նախկինում սահմանափակ է եղել անբավարար ուսումնասիրություների և հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքների պատճառով:
Կաթվածի կանխատեսման նոր մեթոդը հիմնված է անոթների առողջության 29 հիմնական ցուցանիշների ուսումնասիրության վրա, որոնք կարող են որոշվել աչքի հատակի պատկերների միջոցով: Շնորհիվ մեքենայական ուսուցման և ցանցաթաղանթի միկրոշրջանառության վերլուծության համակարգի (RMHAS), գիտնականներին հաջողվել է ստեղծել ճշգրիտ գործիք՝ ինսուլտի հետ կապված կենսամարկերները հայտնաբերելու համար:
Գործիքի նախնական փորձարկմանը մասնակցել է 40-ից 69 տարեկան 45161 մարդ։ Մասնակիցները ենթարկվել են ցանցաթաղանթի անոթային կառուցվածքի վերլուծության այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են տրամաչափը, խտությունը, գալարաձևությունը, ճյուղավորման անկյունը և անոթների բարդությունը: Դրան հաջորդել է 12,5 տարվա հսկողության շրջան, որի ընթացքում 749 մասնակից ունեցել է ինսուլտ:
Արդյունքները ցույց են տվել, որ անոթների խտության փոփոխությունները մեծացնում են ինսուլտի ռիսկը 10-19%-ով, տրամաչափի փոփոխությունները՝ 10-14%-ով, իսկ անոթների բարդության և ոլորունության նվազումը՝ 10,5-19,5%-ով:
Չնայած ուսումնասիրությունն ունի սահմանափակումներ, ներառյալ մասնակիցների շրջանում հիմնականում սպիտակամորթ պոպուլյացիան, հեղինակները կարծում են, որ ցանցաթաղանթի անալիզը կարող է հարմար և գործնական միջոց լինել ինսուլտի ռիսկը գնահատելու համար:
«Աչքի հատակի լուսանկարների օգտագործումը որպես ախտորոշիչ գործիք քայլ է դեպի ավելի մատչելի և ոչ ինվազիվ բժշկություն», - նշել են հետազոտողները:






