Հեֆեյի գիտությունների ակադեմիայի (Չինաստան) գիտնականները ներկայացրել են բազմախնդիր ուսուցման նոր համակարգ՝ DEMENTIA, Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման եւ գնահատման համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են IEEE Journal of Biomedical and Health Informatics ամսագրում:
Հետազոտողները նշել են, որ հաշվի առնելով բնակչության ծերացումը՝ Ալցհեյմերի հիվանդությունը դառնում է ավելի հրատապ խնդիր, եւ վաղ ախտորոշումը առանցքային է պացիենտների վիճակի բարելավման համար: Կոգնիտիվ ֆունկցիաների վատացման առաջին նշաններից մեկը խոսքի խանգարումն է:
Խոսքի ավտոմատացված վերլուծությունը՝ որպես ոչ ինվազիվ եւ մատչելի մեթոդ, ախտորոշման խոստումնալից ուղղություն է, սակայն առկա մոտեցումները բախվում են տվյալների ճշգրտության եւ մեկնաբանելիության հետ կապված խնդիրների:
Պրոֆեսոր Լի Հայի թիմը Հեֆեյի ֆիզիկական գիտությունների ինստիտուտից մշակել է DEMENTIA հարթակը, որն օգտագործում է հիբրիդային ուշադրության մեխանիզմ՝ խոսքը, տեքստը եւ փորձագիտական գիտելիքները համադրելու համար: Այս մոտեցումը զգալիորեն բարելավում է համակարգի ճշգրտությունը եւ կլինիկական կիրառելիությունը՝ թույլ տալով ավելի արդյունավետորեն հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդությունը:
Հարթակի աշխատանքի հիմքում ընկած են մեծ լեզվական մոդելների առաջավոր տեխնոլոգիաները, որոնք ֆիքսում են տվյալների բարդ փոխազդեցությունները, ինչը մեծացնում է ախտորոշման ճշգրտությունը եւ թույլ է տալիս ավելի ճշգրիտ կանխատեսել կոգնիտիվ գործառույթների վիճակը: Վերլուծությունը ցույց է տվել, որ համակարգը աջակցում է կլինիկական որոշումների կայացմանը եւ կարող է հարմարվել տարբեր տվյալներին:
Գիտնականների խոսքով՝ DEMENTIA հարթակը զգալի ներուժ ունի բնակչության ծերացման հետ կապված որոշ խնդիրներ լուծելու համար։ Հետազոտողները նշել են, որ մշակումը կարող է օգտագործվել կլինիկական պրակտիկայում որպես կոգնիտիվ ֆունկցիայի վատացման մոնիթորինգի գործիք՝ լրացնելով ավանդական ախտորոշման մեթոդները:






