Մակմաստերի համալսարանի կանադացի գիտնականները հայտնաբերել են արյան մակարդման նոր հիվանդություն, որը չի արձագանքում ստանդարտ բուժմանը: Բացահայտումը հրապարակվել է The New England Journal of Medicine (NEJM) գիտական ​​պարբերականում:

Բացահայտված խնդիրն անվանել են VITT-անման մոնոկլոնալ գամապաթիա՝ թրոմբոտիկ նշանակությամբ (MGTS): Այն նմանություն ունի պատվաստանյութով առաջացած իմունային թրոմբոցիտոպենիայի և թրոմբոզի (VITT) հետ՝ հազվագյուտ, բայց վտանգավոր արյան մակարդելիության խանգարում, որը նախկինում կապված է եղել COVID-19-ի որոշ պատվաստանյութերի հետ:

Սակայն, ի տարբերություն VITT-ի, MGTS-ն առաջանում է առանց հայտնի պատճառների, ինչպիսիք են հեպարինի օգտագործումը կամ պատվաստումը: Այս հիվանդությամբ պացիենտների մոտ ձևավորվում են հակամարմիններ, որոնք նման են VITT-ի առաջացմանը, ինչը հանգեցնում է թրոմբների, որոնք կայուն են ստանդարտ բուժման հանդեպ:

Թիմն ուսումնասիրել է Կանադայից, Նոր Զելանդիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Գերմանիայից հինգ պացիենտների դեպքերը, որոնք ունեցել են արտասովոր արյան մակարդելիություն՝ չնայած հակակոագույլանտներ ընդունելուն: Փորձագետները վերլուծել են հակամարմինները, որոնք ուղղված են PF4 սպիտակուցին և պարզել են, որ հիվանդներն ունեն մոնոկլոնալ սպիտակուցներ, որոնք օրգանիզմում պահպանվում են ավելի քան 12 ամիս:

Ավանդական հակակոագուլյանտներն անարդյունավետ են եղել MGTS-ով պացիենտների համար: Սակայն գիտնականները պարզել են, որ որոշ ոչ ստանդարտ բուժումներ, ինչպիսին են բարձր չափաբաժիններով ներերակային իմունոգլոբուլինը (IVIG), Բրուտոնի տիրոզինկինազայի ինհիբիտորները (իբրուտինիբ) և միելոմայի համար օգտագործվող թերապիաները, կարող են օգտակար լինել: