Հարավային Դանիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նոր մեխանիզմ, որը կարող է օգնել պահպանել կալորիաների ակտիվ այրումը` միաժամանակ նվազեցնելով սննդի ընդունումը: Աշխատանքը հրապարակվել է Cell Metabolism (CM) ամսագրում։
Շատերը, որոնք փորձել են նիհարել՝ կրճատելով կալորիաները, բախվում են «պլատոյի» էֆեկտին. սկզբում կիլոգրամներն ընկնում են, բայց հետո օրգանիզմը դանդաղեցնում է նյութափոխանակությունը՝ նվազեցնելով էներգիայի ծախսը: Այս գործընթացը օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմն է, որն արձագանքում է սննդի հնարավոր դեֆիցիտին:
Նույն խնդիրն առաջանում է այն պացիենտների մոտ, որոնք օգտագործում են նիհարեցնող դեղամիջոցներ, ինչպիսին է, օրինակ, Ozempic-ը: Մարմնի քաշի 20-25 տոկոսը կորցնելուց հետո այս դեղամիջոցների ազդեցությունը թուլանում է:
«Վաղ փուլերում քաշի կորուստը լավ է ընթանում, բայց հետո մարմինը հարմարվում է, եւ գործընթացը դանդաղում է»,- բացատրել է հետազոտության առաջատար հեղինակ Քիմ Ռավնսքյերը:
Գիտնականներն ուսումնասիրել են Plvap գենի ազդեցությունը մկների լյարդի նյութափոխանակության վրա եւ անսպասելիորեն հայտնաբերել դրա առանցքային դերը։ Սովորաբար ադս գենն օգնում է լյարդին քաղցելու ժամանակ շաքարի այրումից անցնել ճարպեր այրելուն: Բայց եթե Plvap-ն անջատված է, լյարդը դադարում է ընկալել քաղցի ազդանշանը եւ շարունակում է ակտիվորեն շաքար օգտագործել, ինչը արագացնում է նյութափոխանակությունը:
Պարզվել է, որ յարդն առանց Plvap-ի շարունակում է «կարծել», թե օրգանիզմն ուտում է եւ պահպանում է նյութափոխանակության բարձր մակարդակը։ Ճարպային պաշարների ճարպը նստվածք չի տալիս լյարդում, այլ վերաբաշխվում է մկաններին՝ բարելավելով նրանց զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Plvap-ի անջատման դեպքում մկների արյան մեջ շաքարի մակարդակն ավելի ցածր է եղել, ինչը կարող է օգտակար լինել դիաբետի բուժման համար:
Եթե հաջողվի ստեղծել դեղամիջոց, որը կկրկնօրինակի Plvap-ի անջատման ազդեցությունը, այն կարող է օգնել հաղթահարել քաշի կորստի «պլատոյի» էֆեկտը՝ թույլ տալով շարունակել նիհարել եւ ուժեղացնել քաշի կորստի դեղերի ազդեցությունը՝ երկարացնելով դրանց արդյունավետությունը:
Մինչ այժմ հետազոտությունն անցկացվել է միայն մկների վրա, սակայն արդյունքները հույս են ներշնչում ճարպակալման եւ դիաբետի բուժման նոր միջոցների ստեղծման համար։
«Կենդանիների փորձարկումներից մինչեւ դեղամիջոցի հայտնաբերման ճանապարհը երկար է, բայց մեր հայտնագործության ներուժը հսկայական է», - ընդգծել է Քիմ Ռավնսքյերը:






