ՀՀ Հանրային խորհրդի ազգային արժեքների ենթահանձնաժողովը որոշում է կայացրել, որ հայկական բժշկության թանգարանին անհրաժեշտ է տարածք տրամադրել: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը:

Նրա խոսքով՝ բժշկության թանգարանը Հայաստանին պարզապես անհրաժեշտ է, քանի որ նման թանգարանները ազգի պատիվն ու պատմությունն են: Հատուկ կազմված հանձնախմբի անդամները ուսումնասիրել էին տարածք չունեցող թանգարանի ցուցանմուշները եւ հիացել էին հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանի հավաքածույով:

«Պարզապես պետք է, որ ղեկավար մարմինները ունենան պետական մտածելակերպ, որպեսզի այս հարցը լուծվի», - նշել է Ժասմեն Ասրյանը:

Ենթահանձհաժողովն իր որոշումը ներկայացրել է հանրային խորհրդի նախագահ պարոն Մանուկյանին եւ հույս ունի, որ խնդիրը մոտ ապագայում կլուծվի: Վերջնական որոշումը ամեն դեպքում պետք է կայացնի կառավարությունը:

Հիշեցնենք, որ ավելի քան 30 000 ցուցանմուշ ունեցող հայկական բժշկության թանգարանը այն եզակի թանգարաններից է, որոնք ունեն հարուստ հավաքածու, բայց չունեն տարածք: Հավաքածուն, որի մեծ մասը 30 տարվա ընթացքում հավաքել է Հարություն Մինասյանը, ներառում նաեւ Վլադիմիր Մարտիրոսյանի եւ Արսեն Հայրեյանի կողմից հավաքված եւ պահպանված նմուշները:

Այս պահին Հարություն Մինասյանը մի փոքր ժամանակավոր թանգարան է ստեղծել իր աշխատավայրի սենյակներից մեկում, որտեղ ցուցադրել է իր հավաքածուի մոտ 5000 ցուցանմուշ: Իսկ գտնել տարածք, որտեղ հնարավոր կլինի ցուցադրել ողջ հավաքածուն, նրան դեռ չի հաջողվում:

Այս հղումով կարող եք ծանոթանալ նմուշներից մի քանիսին: Ծանոթացեք նաեւ այս՝ 5000 տարեկան գանգի պատմությանը: