Եթե մարդը թաքցնում է իր իսկական ձեռքերից մեկը եւ կենտրոնանում ձեռքի մակետի վրա, ապա որոշակի պայմաններում այն կարող է ընկալել որպես իր մարմնի մաս։ Այն, ինչ հնչում է որպես կախարդական հնարք, կարող է մի օր օգտագործվել քրոնիկական ցավով տառապող պացիենտներին օգնելու համար: Բոխումի (Գերմանիա) LWL համալսարանական հիվանդանոցի հոգեսոմատիկ բժշկության եւ հոգեթերապիայի կլինիկայի գիտնականները ցույց են տվել, որ ձեռքի ռետինե պատրանքի շնորհիվ ջերմությունից առաջացած ցավն ընկալվում է որպես ավելի քիչ ուժեղ: Գիտնականներն իրենց եզրակացությունները հրապարակել են PAIN Reports ամսագրում:
Ռետինե ձեռքի պատրանքն առաջանում է այն ժամանակ, երբ իսկական թաքնված ձեռքը եւ պրոթեզով ձեռքը դիպչում են միաժամանակ, օրինակ՝ դաստակով։ Այստեղ նկարագրված փորձի ժամանակ պատրանքն առաջացել է ոչ թե հպման, այլ ջերմային խթանի եւ կարմիր լույսի հետ միաժամանակյա լուսավորության արդյունքում։
Հետազոտողներն առաջին փուլում որոշել են ջերմային ցավի անհատական ցավի շեմը փորձի բոլոր աջլիկ 34 մասնակիցների մոտ, գրել է «Научная Россия»-ն։ Այնուհետեւ սուբյեկտները ձախ ձեռքը դրել են էկրանի հետեւում, որպեսզի այն տեսանելի չլինի: Էկրանով թաքցված ձեռքը դրվել է թերմոդի գլխիկին՝ փոքր ափսեի վրա, որը կարելի է տաքացնել վերահսկվող պայմաններում։ Ձախ ձեռքի փոխարեն մասնակիցների առջեւ դրվել է ռետինե ձեռք, որը ներքեւից լուսավորվել է կարմիր լույսով։ Փորձարկվողների աջ ձեռքը դրվել է սարքի վրա, որն օգտագործվել է փորձի ժամանակ՝ գնահատելու ձախ ձեռքի ցավը տաքից։
Հետազոտողները մի քանի թեստ են անցկացրել, որոնցում նրանք տաքացրել են թերմոդը մինչեւ ջերմաստիճանի մի քանի մակարդակ. Միաժամանակ ռետինե ձեռքը լուսավորվել է կարմիր լույսով։ «Ձախ ձեռքի ջերմային խթանը ռետինե ձեռքի վրա միաժամանակյա կարմիր լույսով պատրանք էառաջացրել»,- նշել է հետազոտության ղեկավար, Կլինիկական եւ փորձարարական վարքագծային բժշկության հետազոտական բաժնի ղեկավար, պրոֆեսոր Մարտին Դիրսը: Փորձի մասնակիցների հարցումը հաստատել է այս բացահայտումները: Հետազոտողները վերահսկիչ փորձ են անցկացրել ռետինե ձեռքով, որը պտտվել է 180 աստիճանով:
«Մենք ցույց տվեցինք, որ ընկալվող ցավի ինտենսիվությունը նվազել է ռետինե ձեռքի պատրանքի պայմաններում՝ հսկողության պայմանների համեմատ»,- նշել է Մարտին Դիրսը:
«Մենք ենթադրում ենք, որ ռետինե ձեռքի պատրանքի հիմքում ընկած մեխանիզմը տեսողական, շոշափելի (այստեղ նոցիցեպտիվ) եւ ընկալունակ տեղեկատվության բազմազգայական ինտեգրումն է: «Ստացված արդյունքները հուշում են, որ երբ մարդիկ ռետինե ձեռքն ընկալում են որպես իրենց մարմնի մաս, դա նվազեցնում է ցավի ընկալումը»:
Մեկ այլ գործոն կարող է լինել վիզուալ ցավազրկման ֆենոմենը, որը նույնպես ապացուցվել է այլ հետազոտություններում. ցավոտ խթանը ընկալվում է որպես ավելի քիչ ինտենսիվ, եթե մարդը կարող է տեսնել մարմնի համապատասխան մասը: «Սակայն մենք դեռ լիովին չենք հասկանում այս երեւույթի նյարդային հիմքը»,- խոստովանել է Դիրսը:
Ստացված արդյունքները կարող են օգտագործվել ցավը բուժելու համար։ Պոտենցիալ կիրառումը կարող է լինել, օրինակ, բարդ ռեգիոնար ցավային համախտանիշի բուժումը, որի դեպքում պացիենտները սովորաբար զգում են ձեռքերի ցավ եւ այտուց:






