Նոր հետազոտությունը, որը ներկայացվելու է այս տարի ճարպակալմանը նվիրված Եվրոպական կոնգրեսում (ECO 2025, Մալագա, Իսպանիա, մայիսի 11-14), ցույց է տալիս, որ ավելորդ քաշը կամ ճարպակալումը մանուկ հասակում կապված է թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) բարձր հավանականության հետ մեծ տարիքում, գրել է European Association for the Study of Obesity (Ճարպակալման ուսումնասիրկան եվրոպական ասոցիացիա) կայքը։
Շրջակա միջավայրի, պրոֆեսիոնալ եւ անգամ վաղ տարիք գործոնների հետազոտություններում ավելի հաճախ ուշադրություն է դարձվում ԹՔՕՀ ռիսկի՝ ծխելուց տարբերվող գործոններին։
Հետազոտության նպատակն այն էր, որպեսզի ուսումնասիրվի, թե արդյոք մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) փոփոխությունները մանուկ հասակում կապված են ԹՔՕՀ-ի հետ։ Հեղինակներն ընդգրկել են Կոպենհագենի դպրոցական բժշկական քարտերի ռեեստրից 276 747 դանիացի երեխաների տվյալները (137 493 աղջիկ), որոնք ծնվել են 1930-1982թթ., եւ որոնք ունեցել են քաշի եւ հասակի 2-12 չափում 6-15 տարեկանում։
Օգտագործելով վիճակագրական մոդելավորման մեթոդը՝ որոշվել են երեխաների ՄԶԻ հինգ տարբեր հետագծերը՝ միջինից ցածր, միջին ցուցանիշ, միջինից բարձր, ավելորդ քաշ եւ ճարպակալում։
Այնուհետեւ հեղինակները հետեւել են ռեեստրում ներգրավվածներին 1977-2022թ.. ընթացքում եւ պարզել ԹՔՕՀ ախտորոշում ունեցող անձանց 40 եւ ավելի բարձր տարիքում։
Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ դիտարկումների ընթացքում ԹՔՕՀ է ախտորոշվել 18 227 կանանց եւ 15 789 տղամարդկանց մոտ։ Կանանց համեմատ, որոնք միջին ՄԶԻ են ունեցել մանուկ հասակում, ԹՔՕՀ ունենալու ռիսկը 10 տոկոսով ավելի բարձր է եղել միջինից բարձր ՄԶԻ ունեցող կանանց մոտ, 26 տոկոսով ավելի բարձր՝ ավելորդ քաշ եւ 65 տոկոսով ավելի բարձր՝ ճարպակալում ունեցող կանանց մոտ։ Մանուկ հասակում միջին ՄԶԻ ունեցող տղամարդկանց համեմատ ԹՔՕՀ առաջացման վտանգը 7 տոկոսով ավելի բարձր է եղել միջինից բարձր ՄԶԻ ունեցող, 16 տոկոսով ավելի բարձր՝ ավելորդ քաշ եւ 40 տոկոսով ավելի բարձր՝ ճարպակալում ունեցող տղամարդկանց մոտ։
Ընդ որում՝ ԹՔՕՀ առաջացման ավելի ցածր ռիսկը ապագայում նկատվել է միայն մանուկ հասակում միջինից ցածր ՄԶԻ ունեցող կանանց մոտ՝ 9 տոկոսով ավելի ցածր մանուկ հասակում միջին ՄԶԻ ունեցողների համեմատ։






