Հաջողությամբ նիհարելու համար հարկավոր չէ հրաժարվել մթերքների ամբողջ խմբից, խմել դետոքսիկացիոն հյութեր կամ տարվել «օգտակար» սնեքներով: Այս մասին WellnessPulse-ին ասել է սննդաբան Լամա Դալուլը Seven Dimensions բժշկական կենտրոնից (ԱՄԷ):

Փորձագետի խոսքով՝ նիհարող շատ մարդկանց գրավում են առողջարար մյուսլիները, յոգուրտները եւ սպիտակուցային քաղցրավենիքները։ Կարող է թվալ, թե սովորական մթերքները օրգանական կամ «առողջ» սննդամթերքով փոխարինելը կարող է նվազեցնել որոշակի քիմիական նյութերի, օրինակ՝ արհեստական ​​գունավորողների, արոմատիզատորների կամ կոնսերվանտների ազդեցությունը:

Այնուամենայնիվ, «ցածր յուղայնությամբ», «առանց շաքարի» կամ «սպիտակուցի բարձր պարունակությամբ» մթերքները նույնպես հաճախ պարունակում են արհեստական ​​հավելումներ եւ քաղցրացուցիչներ: Դրանք օգտագործվում են արտադրանքին հաճելի տեքստուրա եւ արտաքին տեսք հաղորդելու համար, նշել է դոկտոր Դալուլը։ Նա ավելացրել է, որ չարժե նախընտրությունը տալ «առողջ» փոխարինիչներին, եթե հասանելի է առողջարար սնունդը համանման բաղադրությամբ եւ հատկություններով։

Մյուս սխալը, որը թույլ են տալիս նիհարել փորձողները, մթերքների մի ամբողջ խմբից հրաժարվելն է: Ածխաջրեր պարունակող մթերքները (հաց, մակարոնեղեն) եւ կաթնամթերքը հաճախ «շնորհազրկվում» են: Սննդաբանը նշել է, որ սննդային անմարսողության բացակայության դեպքում կարելի է սննդակարգում չափավոր ներառել ցանկացած մթերք, այս մոտեցումը չի խանգարի քաշի կորստին։

Քաշն իջեցնելու երրորդ չաշխատող միջոցը «դետոքսիկացիոն» դիետաներն են հյութերով եւ թեյերով։ Դոկտոր Դալուլի խոսքով՝ տոքսիններն իսկապես կարող են թափանցել օրգաններ եւ հյուսվածքներ շրջակա միջավայրից կամ սննդի հետ։ Սակայն մարդկային օրգանիզմը կարող է ինքնուրույն ազատվել վտանգավոր նյութերից երիկամների, լյարդի եւ մաշկի օգնությամբ։

«Երկարատեւ դիետաները» հյութերով եւ թեյերով հանգեցնում են մկանային զանգվածի կորստի, ջրազրկման եւ մետաբոլիզմի դանդաղման, այլ ոչ թե առողջության կայուն բարելավման»,- ամփոփել է բժիշկը։