Փորկապությունը կանխելու համար կանայք պետք է օրական խմեն մոտ 2,7 լիտր ընդհանուր քանակությամբ հեղուկ։ Տղամարդկանց համար ընդունելի քանակը մինչև 3,7 լիտրն է: Դրա մասին WelnessPulse բժշկագիտական հանդեսին հայտնել է Իլինոյսի համալսարանի սննդաբան Ալեքսանդրա Գինոսը։
Բժիշկը բացատրել է, որ փորկապությունն ընդհանուր առմամբ սահմանվում է որպես աղիքների նվազ դատարկում, սովորաբար՝ շաբաթական երեք անգամից պակաս: Այս պաթոլոգիան հաճախ ուղեկցվում է փքվածությամբ և անհարմարության զգացողությամբ:
Ըստ սննդաբանի՝ շատ մարդիկ ձգտում են բարելավել իրենց աղիների աշխատանքը՝ ավելի շատ մանրաթելային մթերք օգտագործելով: Դրանով հարուստ են բանջարեղենը, միրգը, ձավարեղենը և հացը։ Այս մթերքները մեծացնում են կղանքի զանգվածը՝ չմարսվող մանրաթելերի միջոցով, սակայն այս ռազմավարությունը որոշ դեպքերում կարող է անարդյունավետ լինել: Կարևոր պայման է սննդակարգում հեղուկի բավարար քանակությունը։
Բժիշկ Գինոսը նշել է, որ արտաթորումը խթանելու համար կանանց անհրաժեշտ է օրական մոտ 2,7 լիտր հեղուկ, իսկ տղամարդկանց՝ 3,7 լիտր: Այս դեպքում նշված ծավալը չպետք է ներառի միայն ջուր։ Թեյի, հյութերի և կաթնային ըմպելիքների կանոնավոր օգտագործումը նույնպես օգնում է փորկապությունը կանխելուն։
Բժիշկը հավելել է, որ ֆիզիկական վարժությունները կարող են լրացուցիչ օգուտ տալ աղեստամոքսային համակարգին։
Նույնիսկ թեթև ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ քայլելը և յոգան, լավացնում են աղիների աշխատանքը:






