Բժշկագիտական The Lancet Planetary Health հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ փոփոխվող կլիման սպառնում է արյան շարունակական անվտանգ հասանելիությանն ամբողջ աշխարհում:
Սանշայն Կոստ համալսարանի և Ավստրալիայի Կարմիր խաչի Lifeblood-ի հետազոտողներն ասում են, որ առողջական խնդիրները, վարակիչ հիվանդությունների տարածումը և կլիմայի փոփոխությամբ սրվող եղանակային ծայրահեղ պայմանները սպառնում են ազդելու մարդկանց արյուն նվիրաբերելու կարողության վրա և միաժամանակ բարձրացնել արյան պահանջարկը:
Բժիշկ Էլվինա Վիենեթը հայտարարել է, որ դա սպառնում է արյան կենսականորոն կարևոր պրեպարատների անվտանգությանը և մատակարարմանը, որոնք անհրաժեշտ են վիրահատություններ կատարելու, վնասվածք ստացած հիվանդների խնամքի, խրոնիկական հիվանդությունների բուժման և արտակարգ իրավիճակներում կյանքեր փրկելու համար: «Սպասվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը և բնական աղետները, ինչպիսին են ջերմային ալիքները, ջրհեղեղները, ցիկլոնները և անտառային հրդեհները, կդառնան ավելի հաճախակի և սաստիկ: Բացի մեծ թվով մարդկանց շարժունակությունը սահմանափակելուց, այս իրադարձությունները խաթարում են արյան պահեստավորումը, անվտանգությունը և տեղափոխումը, որի պահպանման ժամկետը կարճ է: Վերջերս մենք դա զգացինք Ավստրալիայում «Ալֆրեդ» արևադարձային ցիկլոնի ժամանակ, երբ էքստրեմալ եղանակային երևույթն առաջին անգամ կտրուկ նվազեցրեց ազգային արյան մատակարարումը»-նշել է գիտնականը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել որոշ վարակիչ հիվանդությունների վրա, որոնք կարող են փոխանցվել արյան միջոցով և մարդկանց հետ պահել արյուն նվիրաբերելուց: «Օրինակ, որոշ շրջաններում, ներառյալ Ավստրալիայում, անձրևների ավելացման և ավելի տաք ջերմաստիճանի կանխատեսումները կարող են հանգեցնել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների, մասնավորապես՝ Դենգե տենդը, Արևմտյան Նեղոսի վիրուսը և մալարիան, ինչը կարող է հանգեցնել դրանց տարածմանը նոր տարածքներում», - նշում են հետազոտության հեղինակները:






