Գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է, որ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները մի քանի շաբաթ կարող են «գրանցվել» մազերի մեջ։ Գիտնականները պարզել են, որ քսուքի տեսքով տեստոստերոնի մեկ անգամ կիրառելուց հետո մազերի մեջ բարձր մակարդակ կարող է հայտնաբերվել նույնիսկ յոթ շաբաթ անց: Նմանատիպ ազդեցություն է հայտնաբերվել կորտիզոլի` սթրեսի հորմոնի դեպքում, երբ մասնակիցները փորձել են լաբորատոր կերպով նմանակված սթրեսային իրավիճակ: Աշխատանքը հրապարակվել է բժշկագիտական Psychoneuroendocrinology հանդեսում։
Ստերոիդ հորմոնները, մասնավորապես՝ տեստոստերոնը և կորտիզոլը, առանցքային դեր են խաղում նյութափոխանակության կարգավորման, վերարտադրողական գործառույթի և սթրեսի նկատմամբ օրգանիզմի արձագանքման գործում: Այս նյութերը ի վիճակի են կուտակվել մազերի մեջ, ինչը հնարավորություն է ընձեռում վերլուծել դրանք՝ երկարաժամկետ հորմոնալ փոփոխությունները գնահատելու համար։
Գիտնականներն ուսումնասիրել են 18-40 տարեկան 88 առողջ տղամարդկանց տվյալները: Մասնակիցներին տրվել է տեստոստերոն կամ պլացեբո, այնուհետև ենթարկվել սթրես-թեստեր՝ սկսած ձեռքը սառցե ջրի մեջ ընկղմելուց մինչև սոցիալական ճնշում և տեսահսկում:
Յոթ շաբաթ անց փորձարկվողները կրկին մազափունջ են հանձնել փորձի սկզբում հանձնված գլխի նույն հատվածից: Նմուշների վերլուծությունը տեստոստերոնի և կորտիզոլի մակարդակի կայուն աճ է ցույց տվել համապատասխան միջամտություններին ենթարկված մասնակիցների օրգանզիմում: Այս արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ հորմոնալ մակարդակի կարճաժամկետ փոփոխությունները կարող են հայտնաբերվել մազերի վերլուծության միջոցով, ինչը խոստումնալից է դարձնում այս եղանակը սթրեսի ախտորոշման և հորմոնալ միջամտությունների գնահատման համար:






