Նոր հետազոտության համաձայն՝ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը կարող է մեծ լինել երեխաների մոտ, եթե մայրերը հղիության ժամանակ սակավարյունություն են ունեցել, տեղեկացրել է BBC News-ը։

Օքսֆորդի համալսարանի գինականները վերլուծել են 16 500 մայրերի տվյալները այն հետազոտության շրջանակում, որը ֆինանսավորել է Բրիտանիայի սրտի հիմնադրամը։

Պարզվել է, որ եթե մայրը հղիության առաջին 100 օրերին տառապել է սակավարյունությամբ, երեխայի սրտի բնածին արատով ծնվելու հավանականությունը 47 տոկոսով ավելի բարձր է, քան սովորաբար։

Ըստ գնահատականների՝ Մեծ Բրիտանիայում հղի կանանց մոտ մեկ քառորդը եւ ողջ աշխարհում մեկ երրորդը  տառապում է սակավարյունությամբ, որը հաճախ պայմանավորված է երկաթի անբավարարությամբ։

Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ սակավարյունությունը (անեմիան) տարածված հիվանդություն է, որի դեպքում էրիթրոցիտների կամ հեմոգլոբինի քանակությունը նորմայից ցածր է։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ծանր անեմիան հղիության ուշ շրջանում կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսին են նորածնի ցածր քաշը եւ վաղաժամ ծննդաբերությունը։ Մինչ այժմ քիչ բան էր հայտնի հղիության վաղ շրջանների վրա սակավարյունության ազդեցության մասին։

Սրտի բնածին արատը բնածին արատների առավել տարածված տեսակն է, որը Մեծ Բրիտանիայում ախտորոշվում է օրական միջինը 13 նորածնի մոտ, եւ փոքրիկների մահվան հիմնական պատճառն է։

Ավելի վաղ հետազոտողները հայտնաբերել էին կապ հղիության ժամանակ երկաթի պակասով պայմանավորված սակավարյունության եւ մկների մոտ սրտի բնածին արատի միջեւ, եւ հիմա ցանկանում են հաստատել այդ կապը մարդկանց մոտ։

Հույս կա, որ դա կհանգեցնի երկաթի ավելացման փորձարկումների՝ որպես ապագայում սրտի բնածին արատների դեպքերի նվազեցման պոտենցիալ միջոցի։