Ֆլորենցիայի և Հռոմի Լա Սապիենցա համալսարանների գիտնականները պարզել են, որ կուրկումին՝ քրքումի ակտիվ բաղադրիչը, կարող է պայքարել օրգանիզմում բորբոքման դեմ և բարելավել աղիների առողջությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients բժշկագիտական հանդեսում։
Ըստ հետազոտության՝ չնայած ջրում ցածր լուծելիությանը և սահմանափակ կենսամատչելիությանը, կուրկումինը կայուն է ստամոքսի թթվային միջավայրում։ Բացի դրանից, որոշակի աղիքային մանրէներ կարող են այն արտահայտված թերապևտիկ ազդեցություն ունեցող ակտիվ մետաբոլիտների վերածել:
Հետազոտության հեղինակները նշում են, որ կուրկումինը կարող է արդյունավետ լինել, մասնավորապես, ճարպակալմանն առնչվող խրոնիկական բորբոքման բուժման մեջ։ Այն նվազեցնում է ճարպային և իմունային հյուսվածքներում բորբոքային պրոցեսների հիմնական մեխանիզմ ծառոյղ NF-κB ազդանշանային ուղու ակտիվությունը։ Զուգահեռաբար, կուրկումիննը ակտիվացնում է օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանության համար պատասխանատու NRF2 ուղին։
Պարզվել է նաև, որ նյութը ոչ միայն դրական ազդեցություն է ունենում մարսողության վրա՝ ամրապնդելով աղիքային պատնեշի գործառույթը, այլև նվազեցնում է համակարգային բորբոքումը։ Այդ հատկությունը այն դարձնում է խոստումնալից թեկնածու նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, դրանց թվում՝ Ալցհայմերի հիվանդության դեպքում օգտագործելու համար։
Գիտնականներն ընդգծում են, որ կուրկումինը կարող է լինել անվտանգ բնական հավելում խրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժման համար, հատկապես, երբ այն համակցվում է կենսակերպի փոփոխությունների հետ։ Սակայն այն որպես առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության փոխարինող չպետք է դիտարկել։






