Համաձայն նոր հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Cancer Discovery ամսագրում, մինչև 50 տարեկան մարդկանց շրջանում քաղցկեղի բազմաթիվ տեսակների դեպքերի թիվն աճում է, և դրա պատճառները մնում են անհայտ։
Գիտնականները պնդում են, որ 2010-ից 2019 թվականների ընթացքում ԱՄՆ-ում ախտորոշվել է վաղ սկսված քաղցկեղի ավելի քան երկու միլիոն դեպք։ Վաղ սկսված քաղցկեղի դեպքերի ամենամեծ աճը հայտնաբերվել է կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղի, կոլոռեկտալ քաղցկեղի, երիկամների քաղցկեղի և արգանդի քաղցկեղի դեպքերում։ Սակայն քաղցկեղի այլ տեսակների զգալի աճ, ներառյալ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի քաղցկեղը և մաշկի մելանոման, նույնպես նկատվել է երիտասարդ կին հիվանդների մոտ։
Այս տվյալները ստացվել են քաղցկեղի վերաբերյալ պետական տվյալների վերլուծության արդյունքում, որն իրականացվել է ըստ տարիքային խմբերի բաշխման։ Վաղ սկզբով հիվանդացության խմբերում ընդգրկված էին 15-29, 30-39 և 40-49 տարեկան հիվանդները։
Ընդհանուր առմամբ, հետազոտողները հայտնաբերել են քաղցկեղի 14 տեսակներով հիվանդացության զգալի աճ՝ առնվազն մեկ վաղ սկզբով հիվանդացության տարիքային խմբում։
Այս քաղցկեղի տեսակներից ինը նույնպես աճել են առնվազն մեկ ավելի բարձր տարիքային խմբում։ Հեղինակները պնդում են, որ թեև վերջին տարիներին ԱՄՆ-ում աճել են վաղ սկսված քաղցկեղի որոշ տեսակների ցուցանիշները, քաղցկեղից ընդհանուր մահացությունը չի փոխվել։
Առաջատար հեղինակն ասում է, որ «ինչո՞ւ» հարցի պատասխանը մինչ օրս մնում է անպատասխան, սակայն այս նոր հետազոտությունը որոշ հուշումներ է տալիս։
Ըստ նրա, այս արդյունքները վկայում են այն մասին, որ «կարող են գոյություն ունենալ ռիսկի գործոններ, որոնք ազդում են քաղցկեղի զարգացման վրա տարբեր տարիքային խմբերում, կամ սկրինինգի կամ վիզուալիզացիայի տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումներ, որոնք թույլ են տալիս քաղցկեղն ավելի հաճախ հայտնաբերել, քան նախկինում»։






