Բինգհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է մատների մաշկը կնճռոտվում ջրի հետ երկարատև շփումից հետո։ Պարզվել է՝ յուրաքանչյուր մարդու կնճիռների նախշերը ձևավորվում են արյան անոթների աշխատանքին առնչվող նույն սխեմայով: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the Mechanical Behavior of Biomedical Materials (JMBBM) գիտական հանդեսում։
Ավելի վաղ ենթադրում էին՝ կնճիռներն առաջանում են, քանի որ մաշկը կլանում է ջուրը և այտուցվում։
Նոր հետազոտության շրջանակում գիտնականների թիմն անցկացրել է փորձ, որի ընթացքում մասնակիցները մատները 30 րոպե ընկղմել են հեղուկի մեջ։ Գործընթացը կրկնվել է 24 ժամ անց։ Լուսանկարների համեմատությունը ցույց է տվել, որ երկու դեպքում էլ կնճռոտման նախշերը (օղակներն ու ակոսները) մնացել են նույնական։
«Մատների արյան անոթները չեն փոխում իրենց դիրքը, ուստի կնճիռները նույն «նախշով» են ձևավորվում», - պարզաբանել են գիտնականները։
Հետաքրքիր է, որ միջնյա նյարդի (մատների զգայունության համար պատասխանատու) վնասվածքից տառապող մարդկանց մաշկի նկնճիռներ ընդհանրապես չեն առաջանում։ Դա հաստատվել է նման վնասվածք ստացած ուսանողի մասնակցությամբ անցկացված թեստով։
Հայտնագործությունը կարող է օգնել մատնահետքերը նույնականացմանը, նույնիսկ եթե մարմինը երկար ժամանակ ջրի մեջ է գտնվել։
Գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները՝ պարզելու համար, թե արդյոք այս մեխանիզմը կարող է օգտագործվել այլ կիրառություններում, մասնավորապես՝ բժշկության կամ կենսաչափական տեխնոլոգիաների համար։






