Թաֆթսի համալսարանի ամերիկացի գիտնականները ներկառուցված սենսորով «խելացի» ատամի թել են մշակել, որը կարող է չափել կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։ Սարքը կարող է դառնալ հարմար գործիք օրգանիզմի վիճակի ամենօրյա մոնիթորինգի համար։ Գյուտը նկարագրված է ACS Applied Materials & Interfaces (ACS AMI) բժշկագիտական հանդեսում։
Ատամները սովորական ձևով մաքրելու ժամանակ թելը հավաքում է թուքը և ուղղորդում այն դեպի բռնակում գտնվող միկրոչիպը։ Մոլեկուլային իմպրինտինգի տեխնոլոգիայով ստեղծված սենսորը 10 րոպեի ընթացքում ճշգրտորեն որոշում է կորտիզոլի կոնցենտրացիան և տվյալները փոխանցում սմարթֆոնին։
«Մեր սարքը միանգամից մի քանի խնդիր է լուծում. այն անտեսանելի է օգտագործման մեջ, հատուկ ընթացակարգեր չի պահանջում և օբյեկտիվ տվյալներ է տրամադրում», - պարզաբանել է հետազոտության ղեկավար Սամիր Սոնկուսալեն։
Փորձարկումները ցույց են տվել, որ գյուտի ճշգրտությունը համեմատելի է լաբորատոր ELISA հետազոտության հետ։ Սարքը կարող է հայտնաբերել կորտիզոլի նույնիսկ աննշան տատանումները, ինչը կարևոր է լուրջ հիվանդություններով հղի խրոնիկական սթրեսի վաղ ախտորոշման համար:
Մշակողները մտադիր են տեխնոլոգիան հարմարեցնել թքի մեջ այլ բիոմարկերներ հայտնաբերելու համար։ Ապագայում դա կարող է հանգեցնել տնային ախտորոշիչ գործիքների շարքի, որոնք կներառվեն առօրյա հիգիենայի պարագաներում։






