Խոսեպ Կարերասի անվան լեյկեմիայի հետազոտության ինստիտուտի և այլ հետազոտական կենտրոնների իսպանացի գիտնականները բացահայտել են յոթ հիմնական գեներ, որոնք ունակ են ցողունային բջիջները վերածել արյանը նախորդող նյութերի։ Հայտնագործությունը կարող է հեղափոխություն մտցնել սպիտակարյունության և արյան այլ հիվանդությունների բուժման մեջ։ Հետազոտությունը հրապարակվել է Blood բժշկագիտական հանդեսում։
Խումբը մկների վրա լայնածավալ գեների սքրինինգ է անցկացրել և հայտնաբերել, որ յոթ հատուկ գեների ակտիվացումը սաղմնային ցողունային բջիջները վերածել է արյունաստեղծ ցողունային բջիջների (HSC) կամ հեմոցիտոբլաստների՝ արյան «գործարանների»։
Այս արհեստականորեն ստեղծված բջիջները հաջողությամբ արմատավորվել են փորձարարական մկների օրգանզիմում՝ սկսելով արտադրել արյան բոլոր տեսակի բջիջներ, դրանց թվում՝ իմունային բջիջներ։
Չնայած մինչ այժմ փորձերը կատարվել են միայն կրծողների վրա, գիտնականները վստահ են, որ մեխանիզմը նմանապես կգործի նաև մարդկանց օրգանիզմում։
Հաջորդ քայլը տեխնոլոգիան մարդկանց համար հարմարեցնելն է Making Blood նախագծի շրջանակում։ Եթե փորձարկումները հաջողությամբ պսակվեն, մի քանի տարվա ընթացքում բժիշկները կարող են անհատականացված արյան բջիջներ աճեցնել լեյկոզով, անեմիայով և այլ լուրջ հիվանդություններից տառապող բուժառուների համար՝ մերժման ցածր ռիսկով և առանց ոսկրածուծի դոնորներ փնտրելու անհրաժեշտության։






