Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները մշակել են Ալցհեյմերի հիվանդության գենային թերապիա, որը կարող է օգնել պաշտպանել ուղեղը վնասվածքներից եւ պահպանել կոգնիտիվ ֆունկցիան։ Ի տարբերություն Ալցհեյմերի հիվանդության առկա բուժումների, որոնք թիրախավորում են ուղեղում առկա ոչ առողջ սպիտակուցային նստվածքները, նոր մոտեցումը կարող է օգնել վերացնել Ալցհեյմերի հիվանդության սկզբնա​​պատճառը՝ ազդելով ուղեղի բջիջների վարքագծի վրա։

Ալցհեյմերի հիվանդությունն ազդում է միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում եւ առաջանում է, երբ ուղեղում կուտակվում են անոմալ սպիտակուցներ, ինչը հանգեցնում է ուղեղի բջիջների մահվան եւ կոգնիտիվ ֆունկցիաների ու հիշողության անկման, գրել է «Научная Россия»-ն։ Մինչ գոյություն ունեցող բուժումները կարող են կառավարել Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները, նոր գենային թերապիան նպատակ ունի կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել հիվանդության զարգացումը։

Մկների վրա փորձերում գիտնականները պարզել են, որ դեղամիջոցի կիրառումը հիվանդության ախտանշանային փուլում պահպանել է հիպոկամպից կախված հիշողությունը, որը կոգնիտիվ ֆունկցիայի կարեւորագույն ասպեկտ է եւ հաճախ խաթարվում է Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների մոտ։ Նույն տարիքի առողջ մկների համեմատ՝ բուժված մկները նույնպես ցուցաբերել են գեների էքսպրեսիայի նմանատիպ օրինաչափություններ, ինչը ենթադրում է, որ բուժումը կարող է փոխել հիվանդ բջիջների վարքագիծը եւ դրանք վերադարձնել ավելի առողջ վիճակի։

Չնայած այս արդյունքները մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ փոխադրելու համար անհրաժեշտ կլինի հետագա վերլուծություն, գենային թերապիան առաջարկում է եզակի եւ խոստումնալից մոտեցում կոգնիտիվ անկումը մեղմելու եւ ուղեղի առողջությունը խթանելու համար։