Ինչո՞վ են երգիչներն ու երգչուհիները բոլոր այլ մարդկանցից տարբերվում: Պարզվում է՝ բոլորովին էլ ոչ շեկ գանգուրիկներով եւ շքեղ կառուցվածքով: Լավ երգելու համար հարկավոր է մի շարք կոնկրետ ֆիզիկական եւ հոգեբանական առանձնահատկություններով օժտված լինել:
Ինչո՞ւ բոլոր մարդիկ չեն կարող երգել
Նյու-Յորքում վոկալի դասավանդմամբ զբաղվով Ջասթին Սթոունին հավաստիացնում է, որ երգեցողության տեխնիկայի ընկալումը բոլոր մարդկանց է հասանելի, իսկ յուրաքանչյուր ձայն էլ, խիստ հազվադեպ բնույթ կրող բացառություններով, կարելի է մշակման ենթարկել, ինչպես որ մարզասրահում մկանները կարելի է մարզել: Իհարկե՝ արդյունքում ոչ բոլորը գերմարզիկներ կդառնան, սակայն ճիշտ մոտեցում դրսեւորելու պարագայում արդյունքներն ակնհայտ կլինեն:
Ինչպես Մոնրեալի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, մարդկանց 20 տոկոսի մոտ «վոկալային մկանների» վերահսկման հետ կապված խնդիրներ են նկատվում, 35 տոկոսն ընդհանրապես չի կարող ճիշտ նոտան բռնել, իսկ 5 տոկոսը նույնիսկ երկու նոտաների միջեւ տարբերությունը չի լսում:
Ուրեմն ի՞նչ է պետք՝ լավ երգելու համար
Ֆիզիկական առանձնահատկություններ
Մեկ այլ՝ կրկին կանադական հետազոտության արդյունքում պարզվել է, որ որոշ մարդկանց մոտ լսողության համար առավել հաճելի ձայնի առկայությունը ձայնալարերի ֆիզիկական տվյալներով է պայմանավորվում: Սթոունիի խոսքով, տարբեր ռասաների եւ մշակույթի ներկայացուցիչների ձայները տարբերվող հնչողություն ունեն, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն ձայնալարերի ու կոկորդի, այլ նաեւ՝ գանգի, ըմպանի եւ քթի խոռոչի կառուցվածքն է հանդիսանում:
Գենետիկ գործոնն այս հարցում եւս որոշակի դերակատարում ունի. բազմաթիվ դեպքերում երաժշտական կարողությունները ծնողներից են ժառանգվում:
Հոգեբանական առանձնահատկություններ
Երկրանգնդի բնակիչները մեծ մասն ի վիճակի է լավ երգել. դրան ոչ թե ֆիզիկական տվյալները, այլ հոգեբանական խնդիրները, ինքնավստահության պակասն են խանգարում: Ուստի երգեցողություն դասավանդող մասնագետի հիմնական խնդիրը ոչ միայն տեխնիկայի ուսուցանումն է, այլ նաեւ՝ ինքնավստահության եւ դրական վերաբերմունքի ներշնչումը:
Շրջակա միջավայր
Որոշ մարդիկ կարողանում են լավ երգել, քանի որ այնպիսի միջավայրում են մեծացել, որտեղ երգեցողությունը խրախուսվում է: Սթոունիի պնդմամբ, եթե երեխային մշտապես ասեն, թե սխալ նոտա է բռնում, երբեք լավ երգիչ չի դառնա, քանի որ ուղեղն ու մկանները կսկսեն համապատասխան ծրագրավորում ձեռք բերել: Եվ ընդհակառակը, եթե վաղ մանկությունից երաժշտությամբ շրջապատված լինի, կարող է, այլ երեխաների հետ համեմատությամբ, նշանակալիորեն բարձր արդյունքներ ցույց տալ: Բացի այդ, վաղ հասակից ջութակի կամ որեւէ այլ երաժշտական գործիքի վրա նվագող երեխայի համար ավելի հեշտ է երգեցողության որակներ ձեռք բերել:






