Ընդհատվող քաղցածությունն օգնում է ձեզ ավելի արդյունավետորեն նիհարել, քան ավանդական սննդակարգերը։ Քաշի կորստի համար առանձնապես նախընտրելի է քաղցածությունը, որը սննդից լիակատար հրաժարվելու և ազատ սնվելու օրերի հերթագայման ռեժիմ է, այսպես կոչված՝ alternate day fasting: Դա ցույց է տվել The BMJ բժշկագիտական  հանդեսում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել գրեթե հարյուր կլինիկական հետազոտությունների վերլուծության արդյունքում։

Հետազոտություններին մասնակցել է ավելի քան վեց հազար չափահաս, որոնց մեծ մասը տառապում էր ավելորդ քաշից կամ խրոնիկական հիվանդություններից։ Հետազոտված բոլոր մոտեցումները՝ սկսած դասական կալորիաների կրճատումից մինչև քաղցածության տարբեր ձևեր, հանգեցրել են քաշի կորստի։ Սակայն alternate day fasting-ը ցույց է տվել, որ գերազանցում է այլ ռազմավարություններին, ներառյալ ավանդական սննդակարգերը և այլ ընդհատվող քաղցածության տարբերակները:

Ընդսմին, գիտնականները զգուշացրել են, որ նման սննդակարգի դեպքում մասնակիցների շրջանում միջին քաշի կորուստը կազմել է մոտ 1-1,5 կիլոգրամ. դա բավարար չէ կլինիկորեն նշանակալի ազդեցության մասին խոսելու համար։ Բացի դրանից, ոչ մի սննդակարգ չի բարելավել արյան մեջ շաքարի կամ «լավ» խոլեստերինի մակարդակը։

Հետազոտողներն ընդգծում են, որ ստացված տվյալները չեն ենթադրում անմիջապես օրեցօր քաղցած մնալու հանձնարարական։ Արդյունքները ցույց են տալիս, որ նման ռեժիմը կարող է օգտագործվել որպես արդյունավետ քաշի կորստի գործիքներից մեկը։ Սակայն ցանկալի կլինի համապատասխան ռազմավարություն ընտրել և հետևել դրան բժշկի հսկողության ներքո: